Մատչելիության հղումներ

«Վերև նայեք, ես դրախտում եմ...»


Բրիքսթոնում երկրպագուները հարգանքի տուրք են մատուցում ռոք երգիչ և երգահան Դեյվիդ Բոուիի հիշատակին, Լոնդոն, 11-ը հունվարի, 2016թ.
Բրիքսթոնում երկրպագուները հարգանքի տուրք են մատուցում ռոք երգիչ և երգահան Դեյվիդ Բոուիի հիշատակին, Լոնդոն, 11-ը հունվարի, 2016թ.

Մահացել է առասպելական ռոքեր Դեյվիդ Բոուին։

Քաղցկեղի դեմ 18 ամիս մղած պայքարից հետո Լոնդոնում 69 տարեկանում վախճանվել է աշխարհահռչակ ռոք երգիչ Դեյվիդ Ռոբերտ Ջոնսը, ով հայտնի է որպես Դեյվիդ Բոուի։ Նա համարվում է արդիական ռոքի առասպելական կատարող և նորարար։ Բոուին նաև պրոդյուսեր էր, դերասան և նկարիչ։

Նրա առաջին հիթը` Space Oddity-ն, թողարկվել է 1969 թվականին։ Անցած դարի 70-ականների Բոուին դարձել է «գլեմ-ռոքի» առաջատար աստղերից, կերտել է The Rise and Fall of Ziggy Stardust and the Spiders from Mars ալբոմի հերոսի` Զիգգիի կերպարը։ Զիգգին, Բոուիի կենսագիր Դեյվիդ Բաքլիի համոզմամբ, «փոփ մշակույթի ամենամեծ պաշտամունքն էր, իսկ ալբոմը շրջադարձային էր այն ժամանակաշրջանի ռոքի համար»։

1975 թվականին բրիտանացի Բոուին առաջին անգամ մեծ հաջողության է հասել ԱՄՆ-ում, որտեղ Fame երգը Young Americans ալբոմից դարձել է հիթ և երկար ժամանակ առաջին հորիզոնականն է գրավել լավագույն երգերի ցանկում։

Աբոմից ալբոմ Բուոին փոխել է ոճը, նորարարություններ է հեղինակել, սկսել է աշխատել լեգենդար երաժիշտ Բրայան Էնոյի հետ։ Այդ համագործակցությամբ մեկնարկել է Բոուիի «բեռլինյան ժամանակաշրջանը»։ Արևմտյան Բեռլինում Բոուին բնակարան է կիսել ռոք երգիչ Իգգի Փոփի հետ։ Այդ շենքը գտնվել է քաղաքն արևելյան, կոմունիստական Բեռլինից անջատող տխրահռչակ պատի մոտ։

Բեռլինում Բոուին երեք ալբոմ է ձայնագրել, աշխատելով Էնոյի, դարի լավագույն կիթառահարներից Ռոբերտ Ֆրիփի (King Crimson), ինչպես նաև գերմանացի երաժիշտների հետ։

1981 թվականին Բոուին համագործակցել է «Քուին» խմբի հետ։ Բացի այդ, նա մի քանի տեսահոլովակ է նկարահանել իր բարեկամ, «Ռոլլինգ Սթոունզի» մեներգիչ Միք Ջեգերի հետ։

Ռոքից փոփ, հետո էլեկտրոնիկա, սոուլ, ամբիենտ... 1990-2000 թվականների Բոուիի երաժշտական որոնումները երբեմն խրտնեցրել են երկրպագուներին, ովքեր ցանկանում էին իրենց կուռքին տեսնել որևէ մշտական ժանրում։ Մինչդեռ, Դեյվիդին ճանաչող մեկնաբանները նշել են, որ նա պարզապես չի կարողանում չորոնել, չփոխվել, քանի որ բուն երաժշտությունն էլ հավերժ շարժման մեջ է։

2003-2004 թվականներին նա սրտի հիվանդության հետևանքով ստիպված էր դադարեցնել Reality Tour համերգաշրջանը, իսկ վերջին համերգը տեղի է ունեցել 2006-ին։

Դեյվիդ Բոուին իր վերջին տեսահոլովակում
Դեյվիդ Բոուին իր վերջին տեսահոլովակում

Այս տարվա հունվարի 8-ին թողարկվել է Դեյվիդ Բոուիի վերջին սկավառակը` Blackstar-ը։ Հունվարի 8-ը Դեյվիդի 69-րդ ծննդյան օրն էր։ Մռայլ, փիլիսոփայական բարդ տրամադրությամբ ալբոմ է։ Նա գիտեր, որ ուր որ է կմահանա, բայց հասցրեց տեսնել ալբոմը...

Երկու օր անց նա մահացավ։ Դեյվիդի որդին` Դունկան Ջոնսը, սոցցանցում հաստատել է տխուր լուրը՝ գրելով, որ «Դեյվիդ Բոուին խաղաղությամբ հեռացավ, վերջին պահին նրա հետ ընտանիքի անդամներն էին»։

Lazarus-ը Blackstar ալբոմից արդեն անվանել են Դեյվիդի «կարապի երգը»։ Կլանող և միաժամանակ ճնշող են ոչ միայն հանդիսավոր մեղեդին, մռայլ տեքստը, այլև տեսահոլովակը` մահվան մահճին գամված Բոուին պայքարում է, վեր է կենում, գրում է, ասել է թե ստեղծագործում է և գործն ավարտելով հեռանում է, մտնում է պահարան ու դուռը ներսից փակում։

«Նայեք վերև, ես դրախտում եմ,

Ունեմ սպիներ, դրանք չեն երևում,

Ունեմ դրամա, որ չեն գողանա,

Բոլորը հիմա ինձ գիտեն»։

(Look up here, I’m in heaven

I’ve got scars that can’t be seen

I’ve got drama, can’t be stolen

Everybody knows me now).

Այս պահին ռոքի ամենահայտնի աստղերը հարգանքի տուրք են մատուցում Բոուիի հիշատակին և հիացմունքով ասում, որ մեծագույն խիզախություն ու ոգի է պետք մահն այդպես` վախով, տանջանքով, ցավով, բայց և ստեղծագործելով դիմավորելու համար։ Գուցե դա է վեր հառնելու միակ ճանապարհը...

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG