Մատչելիության հղումներ

Գյումրեցի ակտիվիստ․ Առաջին օրերից ակնառու էր, որ հարցերի պատասխան այլևս չի լինելու


Հունվարի 12-ին լրանում է Ավետիսյանների սպանդի մեկ տարին։

2015-ի հունվարի 12-ին Գյումրիում սպանդի ենթարկվեց Ավետիսյանների ընտանիքը։ Յոթ հոգանոց մի ողջ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովն արդեն Հայաստանի դատարանի առաջ է կանգնած, սակայն արդարության պահանջով փողոց դուրս եկած գյումրեցի ակտիվիստ Կարեն Պետրոսյանի համար դա զուտ թատերական ներկայացում է։ Շատ հարցեր կան, բայց, ըստ ակտիվիստի, դրանց պատասխանը ստանալու հույս չկա։

«Արդեն առաջին օրերին ակնառու էր, որ հարցերի պատասխան այլևս չի լինելու, լինելու է, երբ որ ասենք 50-100 տարի հետո արխիվները քանդվեն, որովհետև զգացվում էր, որ ամբողջը փակ, գաղտնիության մեջ պրոցես է, և արդեն որոշակի իշխանությունների բարձր մակարդակում այսպես հարցը պայմանավորվածության... և հետագայում նաև նկատեցինք, որ շարժման առիթ դարձավ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը։

Հարցին, թե Ավետիսյանների ընտանիքի սպանդից մեկ տարի անց ի՞նչ փոխեց այն գյումրեցու կյանքում, կենցաղում, մտածելակերպում, ակտիվիստը պատասխանեց. - «Ճիշտն ասած, առաջինը, որ փոխվեց, դա՝ քաղաքի միասնականության ըմբռնումն է․ ըստ իս, գյումրեցիները հասկացան և ամբողջ Հայաստանը հասկացավ, որ հայոց հողում, մասնավորապես՝ Գյումրիում հայ մարդու արժանապատվությունը դեռ չի մեռել։ Մեր քաղաքը աշխարհին և աշխարհի գերհզոր երկրներից մեկին ցույց տվեց, որ կան արժեքներ, որոնք անխախտ են մեզ մոտ մինչև օրս՝ մինչև 21-րդ դար, անխախտ լինելու են։ Ընդհանրապես փոխվեց կեցվածքը ռուս զինվորի նկատմամբ, կամ, որոշակի իմաստով, Ռուսաստանի նկատմամբ կեցվածք փոխվեց», - ասաց ակտիվիստը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գյումրեցիների և ռուսական ռազմաբազայի զինծառայողների մոտ զգուշավորություն է նկատում։ Ըստ քաղաքագետի, եթե նախկինում հայերը դռնբաց ընդունում և հյուրասիրում էին ռուս զինծառայողներին, ապա Ավետիսյանների սպանությունից հետո նրանց առաջ դռները փակվեցին։

«Քաղաքի բնակիչները հաց ու ջրով էին նրանց դիմավորում, բայց ոմանք, ովքեր օգտվում էին այդ հաց ու ջրից, վերջում բացեցին իրենց ոճրագործի դիմակը և սպանեցին մի ամբողջ ընտանիքի։ Սա կպարտադրի գյումրեցիներին ավելի զգույշ լինել ռուսական ռազմաբազայի ծառայողների նկատմամբ և ավելի զգոն», - ասաց քաղաքագետը։

Հիմա քաղաքում ռուս զինծառայողների շատ հաճախ կարելի է կրկին հանդիպել և՛ խանութներում, և՛ սննդի տարբեր կետերում, բայցևայնպես նրանց վարքագծում պահպանվում է զգուշավորությունը։ «Իրենք էլ են նաև զգոն և զգույշ, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ գյումրեցին երբևիցե էլ չի ների նրանց։ Իրենք էլ դա շատ լավ հասկանում են և իրենց ավելի զգույշ են պահում Գյումրիում», - ասաց Համբարյանը։

«Ազատության» զրուցակիցները համոզված են, որ փողոց դուրս գալով ու արդար պահանջ ներկայացնելով, համախմբվելով՝ գյումրեցին կարողացավ գերհզոր պետության ղեկավարին ստիպել զիջումների գնալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG