Մատչելիության հղումներ

Ճանապարհները հիմնականում անցանելի են, փակ է Վարդենյաց լեռնանցքը


Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, հունվար, 2015թ․
Ձյունածածկ ավտոճանապարհ Հայաստանում, հունվար, 2015թ․

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) փոխանցմամբ՝ փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ժայռաբեկորի պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը միակողմանի փակ է: Մինչ երթևեկության վերականգնումը՝ առաջարկվում է օգտվել Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհից:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ և Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները:

Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում, Եղեգնաձոր-Ելփին, Վայք-«Զանգեր», «Զանգեր»-Սիսիան, Գորիս-Սիսիան (10-15 կիլոմետրեր) ավտոճանապարհներին և Ջաջուռի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:

ՏԿԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թվականի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով, ասված է հաղորդագրությունում:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառմամբ, բացառությամբ կցորդիչով բեռնատարների, փոխանցում է Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG