Մատչելիության հղումներ

Երևանյան հիվանդանոցներից շատերը գերծանրաբեռնված են


Հիվանդ երեխան և նրա մայրը «Արաբկիր» հիվանդանոցի միջանցքում, 8-ը հունվարի, 2016թ.
Հիվանդ երեխան և նրա մայրը «Արաբկիր» հիվանդանոցի միջանցքում, 8-ը հունվարի, 2016թ.

Երևանում հիվանդանոցներից շատերն այս պահին գերծանրաբեռնված են։ Վերջին տվյալներով՝ գրիպով և սուր շնչառական վարակով 500-ից ավելի հիվանդ է հոսպիտալացվել, մեծամասամբ երեխաներ։

«Ազատության» այցելած հիվանդանոցում՝ «Արաբկիր» բժշկական համալիրում նոր հիվանդների համար այսօր արդեն տեղ չկար։ Մահճակալներից մեկը միջանցքում էին տեղադրել։ Տնօրինությունից հրաժարվեցին մեկնաբանել և մանրամասներ հաղորդել հիվանդների առողջական վիճակի վերաբերյալ։

Մինչդեռ «Ազատության» հետ զրույցում հիվանդ երեխաների ծնողները ասում էին, որ տոները ստիպված են եղել հիվանդանոցում անցկացնել։ «Ամսի 2-ին ենք եկել երկուսի հետ, երկուսի մոտ էլ շատ ծանր վիճակ է եղել, երեկ մեկին դուրս են գրել, հիմա համ ինքն է վատ, համ էլ ես ինձ լավ չեմ զգում։ Վարակված է, որովհետև դուրս չեն եկել, տանն էլ տաք է, չեն մրսել, մինչև էստեղ գալն էլ 15 օր էդ վիճակն է եղել՝ թուլություն, խեղդող հազ»,- պատմեց ծնողներից մեկը։

«Սկզբից առաջին օգնությունը ցույց տվեցին, հետո վատ էր շնչում, ռեանիմացիայում էր, հիմա տեղափոխել են էստեղ»։ «Սովորական գրիպի նախանշաններով ենք եկել՝ փսխում, ջերմություն, թուլություն, հազ, բայց հետո պարզվեց, որ թոքաբորբ է։ Ճիշտն ասած, մենակ լսել եմ, որ սեզոնային վարակներ են»,- պատմում էին մյուս ծնողները։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում նույնպես հերթեր էին։ Հերթապահ բժիշկ Սաթենիկ Բադալյանի խոսքով՝ այսօր տասնյակ մարդկանց են ընդունել, հոսպիտալացրել 30-ին։ Մեր նկարահանման պահին Հովտաշենից եկած երկու հիվանդ կար, սակայն հիվանդանոցը տեղ ուներ միայն ավելի վատ վիճակում գտնվող փոքրիկի համար, թեև ծնողները նշում էին, որ չեն կարող երեխաներից մեկին թողնել, մյուսին տուն տանել։

«Մեր հիվանդանոցում հոսքը բավականին բարձր է, տեղերի առումով՝ մենք տեղերի խնդիր չունենք, եթե երեխան իրոք ենթակա է հոսպիտալիզացիայի»,- ասաց բժիշկը։

Անահիտ Գրիգորյանի 6 տարեկան երեխան շուրջ մեկ շաբաթ է հիվանդանոցում է։ Մոր խոսքով՝ այս օրերին հիվանդներն այնքան շատ են եղել, որ ստիպված էին բժիշկների սպասել.- «Լսել ենք, որ շատ-շատ հիվանդներ կան, տեսել ենք նաև, որովհետև բավականին երկար հերթ ենք կանգնել, մինչև մեզ ընդունել են, ու պալատներն էլ լիքն են, այսինքն տարածված է շատ։ Եթե հիվանդանոցները լիքն են ու սա համաճարակ չէ, բա ո՞րն է համաճարակը»։

Առողջապահության նախարարությունն առայժմ չի խոսում համաճարակի մասին։ Պաշտոնապես չի նշվում նաև, թե այս պահին խոզի գրիպով վարակված քանի հիվանդ կա։ «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսում» այսօր հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը պնդեց, թե շրջանառվող վիրուսի 70-80 տոկոսը հենց H1N1 է։ Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ութ հիվանդ կա, նրանք հիմնականում մեծահասակներ են։

«Տարբեր հիվանդանոցներում ութ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդ ունենք, որոնք գտնվում են արհեստական շնչառության սարքերի տակ։ Հենց այս վիրուսն է՝ H1N1-ն է միանշանակ, որը հանգեցրել է թոքերի լուրջ բարդությունների։ Բավական ծանր վիճակում են, մենք ամեն օր, նույնիսկ օրը երկու անգամ համայց ենք կատարում։ Ունենք մոտ 150 երեխա, որ պառկած են հիվանդանոցում՝ նույն վիրուսով։ Միգուցե լաբորատոր հաստատումների թիվը շատ ավելի նվազ լինի, քան այն թիվը, որ ես հնչեցնում եմ, բայց իրականում սա նույն վիրուսն է»,- ասաց Ասոյանը։

Առայժմ չի խոսվում նաև հիվանդացությունների նվազման մասին, և հենց դա հաշվի առնելով՝ երեկ առողջապահության նախարարը առաջարկեց հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում ձմեռային արձակուրդները ևս մեկ շաբաթով երկարաձգել։ Ըստ քաղաքապետարանի՝ շաբաթ-կիրակի Երևանում պոլիկլինիկաները կաշխատեն արտակարգ ռեժիմով՝ ժամը 10-17-ը։

XS
SM
MD
LG