Հունվարի 1-ից ուժի մեջ մտան Ռուսաստանի տնտեսական նոր պատժամիջոցները Ուկրաինայի նկատմամբ:
Այդ պատժամիջոցների պատճառով տուժում են նաև երրորդ երկրները, որոնք նախկինում Ռուսաստանի տարածքով ազատորեն ներմուծում էին ուկրաինական ապրանքներ:
Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հունվարի 6-ի դրությամբ Ռուսաստանի տարածքով դեպի Հայաստան և Ադրբեջան ուկրաինական ապրանքների տարանցման եզակի դեպքեր են գրանցվել:
Ռուսաստանը չեղյալ է համարել Ուկրաինայի հետ ազատ առևտրի ռեժիմը, հունվարի 1-ից նոր կարգ է գործում, որը նաև խիստ սահմանափակում է Ռուսաստանի տարածքով ուկրաինական ապրանքների տարանցումը:
Ռուսաստանը շատ քիչ անցակետերով է թույլատրում կատարել ուկրաինական ապրանքների տեղափոխումը, որոնք ըստ նոր կարգի պետք է Ռուսաստան մտնեն միայն Բելառուսի տարածքից:
Ուկրաինայի տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունը դեպի արևելք արտահանումների համար Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային ճանապարհներ է որոնում:
Հունվարի 15-ին ուկրաինական Իլյիչևսկ նավահանգստից կմեկնարկի բեռնարկղերով ապրանքներ տեղափոխող գնացքի փորձնական երթուղին՝ Ուկրաինա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան-Չինաստան ճանապարհով, հատելով Սև և Կասպից ծովերը:
Պաշտոնական Կիևը նաև Եվրամիության հետ խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի դեմ հակաքայլեր կատարելու համար:
Ուկրաինայի վարչապետը Ղազախստանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ասել է նաև, որ ուկրաինական ապրանքների տարանցումը խոչընդոտելու՝ Ռուսաստանի անօրինական գործողությունների դեմ մտադիր են դիմել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը ևս՝ փորձելով դրա մեխանիզմներով, կազմակերպության միջոցով վերացնել Ռուսաստանի անօրինական խոչընդոտները: