Մատչելիության հղումներ

Ուզբեկստանում մեկնարկել է Արամայիս Ավագյանի  դատավարությունը


Արամայիս Ավագյանը որդու հետ
Արամայիս Ավագյանը որդու հետ

Հայազգի երիտասարդը, հարազատների հավաստմամբ, մեկուսարանում հյուծվել է:

Չորեքշաբթի օրը Ուզբեկստանի Դիզակի շրջանային դատարանը, հարազատների համար անսպասելիորեն, սկսել է հայազգի Արամայիս Ավագյանի և նրա ուզբեկստանցի ընկերների դատավարությունը:

Ձկնաբուծական բիզնես նախաձեռնած 33-ամյա Արամայիս Ավագյանը խնդիրներ էր ունեցել Դիզակի համայնքապետի հետ: Նա, ըստ հայազգի երիտասարդի ընտանիքի, հրաժարվել էր համայնքապետին հանձնել ձկներով լի ձկնաբուծարանը, տևական վեճերից հետո նրան առևանգել էին անցած տարվա սեպտեմբերի 4-ին: Ավելի ուշ հարազատներն իմացել են, որ 33-ամյա Արամայիս Ավագյանին Ուզբեկստանի ազգային անվտանգության ծառայությունը մեղադրում է իսմալիստական ծայրահեղական խմբավորումների հետ կապ ունենալու մեջ, նրան առաջադրվել են «կրոնական ծայրահեղականության, անջատողականության, արմատականություն սերմանող խմբավորում հիմնադրելու, ղեկավարելու», «սահմանադրական կարգը տապալելու», «գողության» մեղադրանքներ:

«Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայության փոխանցմամբ, երեկ հայտնի է դարձել նաև, որ մեղադրանքների շարքը համալրվել է տարիներ առաջ «ծեծկռտուքի մասնակցելու»՝ դատախազական պնդումներով:

Արամայիս Ավագյանի մայրը՝ Ֆլորա Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը հայտնեց, որ դատարանի դահլիճում որդուն տեսել է գունատ, նիհարած, հյուծված, ոտքը կոտրված․ - «Ինքը շատ նիհար էր, սպիտակել ա, չի կարողանում ոտի վրա կանգնի՝ ոտը ջարդել են»: Արամայիսը, մոր վկայությամբ, 120 կիլոգրամ էր նախքան ողնաշարի վիրահատությունը, դրանից հետո մեկուսարանում խոշտանգումների հետևանքով, ըստ Ֆլորա Սաքունցի, «երևի 60-65 կիլոգրամ լինի, նենց ա նիհարել, կուչ ա եկել»:

Մայրն ասում է, որ ծանր մեղադրանքների կապակցությամբ ինքնախոստովանական ցուցմունքների պարտադրանքով որդուն մեկուսարանում «ծեծել են, ջարդել․․․ հույսից կտրված․․․»: «Ես էլ ասեցի՝ չվախենաս: Հայերեն եմ էդքանը ասել», - փոխանցեց Ֆլորա Սաքունցը:

Նախնական դատական նիստն ավարտվել է մեկնարկից մոտ 40 րոպե անց: Դատարանը ճշտել է մեղադրյալի աթոռին հայտնված հինգ անձանց ինքնությունը և դատաքննությունը նշանակել երկուշաբթի:

Ֆլորա Սաքունցի փոխանցմամբ՝ դատական նիստի ավարտին, երբ փորձել են խոսել Արամայիսի հետ, դատական կարգադրիչներն ու ոստիկաններն ամեն գնով շփումը կասեցնելու փորձերից հետո, վարժեցրած շանը դատարանի բակում ազատ են արձակել ամբաստանյալների հարազատների ուղղությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը հաղորդում է, որ իրավապահ մարմինները շարունակում են ճնշումները նաև Արամայիսի ուզբեկ կնոջ նկատմամբ: Անգամ վերջինիս հայրը Ուզբեկստանում ընդունված հանրային հավաքներից մեկի ժամանակ հրաժարվել է աղջկանից՝ ասելով, թե նա այլևս իր դուստրը չէ: Այս տեղեկությունը հաստատեց նաև Արամայիսի մայրը:

Ըստ Ֆլորա Սաքունցի, իրավապահ մարմինների ներկայացուցիչը հարսի «հորը, մորը վախեցրել ա, տարել չգիտեմ որտեղ, ասել՝ «խի՞ եք շփվում հայի հետ, մի՛ շփվեք, մի՛ գրեք, լրիվ լավ է լինելու, էրեխեքը դուրս են գալու․․․»: «Իրա ախպորն էլ են տարել մի առավոտից մինչև էն մի առավոտ․․․ Բայց նույն ձևով իմ [կրտսեր] տղային են տարել, իմ Արթուրիս մի ամիս պահել են, էնքան են ծեծել, որ «քո ախպերը տեռորիստ ա»․․․», - պատմեց նա:

36 տարի առաջ Հայաստանից հեռացած Ֆլորա Սաքունցն ասում է, որ պատրաստ է վերադառնալ հայրենիք:

XS
SM
MD
LG