Մատչելիության հղումներ

Գյուղնախարարությունը զգուշացնում է ջերմոցատերերին ու գյուղացիական տնտեսություններին


Համաձայն «Հայհիդրոմետ»-ի տեղեկատվության՝ առաջիկա օրերին Հայաստանի ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով առատ տեղումներ և ջերմաստիճանի կտրուկ անկում: Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերային ժամերին Արարատյան հարթավայրում սպասվում է 15-20, լույս 4-ի գիշերը՝ 17-22, լեռնային շրջաններում՝ համապատասխանաբար 20-25 և 22-27 աստիճան ցուրտ:

Գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է, որ նման ջերմաստիճանային ռեժիմի պայմաններում լրացուցիչ միջոցներ չձեռնարկելու դեպքում ջերմատներում և սինթետիկ թաղանթների տակ կարող են վնասվել գյուղատնտեսական մշակաբույսերը, պահեստներում, նկուղներում ու մառաններում պահպանվող կարտոֆիլի տնկանյութը, բանջարեղենն ու պտուղները: Ուժեղ սառնամանիքների և առատ տեղումների դեպքում չպետք է բացառել նաև էլեկտրականության ու ջրամատակարարման խափանման հավանականությունը:

«Նկատի ունենալով վերոհիշյալը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է բոլոր ջերմոցատերերին ու գյուղացիական տնտեսություններին նշված և հետագա օրերի ընթացքում ցուցաբերել առավել մեծ զգուշություն ու զգոնություն և միջոցներ ձեռնարկել անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջեռուցման կազմակերպման համար: Խորհուրդ է տրվում նաև ուշադրության կենտրոնում պահել անասնագոմերն ու թռչնանոցները», - ասված է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG