Մատչելիության հղումներ

2016-ին հակակոռուպցիոն օրենսդրությունը կխստացվի


Իրավապաշտպանները, սակայն, չեն հավատում, թե օրենքի փոփոխությունը կհանգեցնի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:

Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու համար կառավարությունը նախատեսում է հաջորդ տարի նոր լիազորություններ ու լծակներ տալ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, որն այժմ միայն հրապարակում և ուսումնասիրում է պաշտոնյաների եկամուտների հայտարարագրերը:

Արդարադատության նախարարի ներկայացրած օրինագծով նախատեսվում է, որ հանձնաժողովը կկարողանա մինչև 1 միլիոն դրամով տուգանել այն պաշտոնյաներին, որոնք չեն հայտարարագրի իրենց ունեցվածքը կամ կփորձեն թաքցնել եկամուտները:

Իրավապաշտպանները, սակայն, թերահավատ են, թե այս նախաձեռնությունը լուրջ փոփոխությունների կհանգեցնի։ «Ասպարեզ» լրագրողական ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը փաստում է` տարեկան մոտ 600 հայտարարագրերն ուսումնասիրում է հինգ հոգանոց հանձնաժողովը:

«Տարակուսում եմ, որ Սերժ Սարգսյանը կհամարձակվի թույլ տալ՝ հետաքննել իր ու մնացածների հայտարարագրերը։ Սա շատ լուրջ աշխատանք է: Շատ կուզեի տեսնել այդպիսի մի մարմին, բայց կամք չեմ տեսնում, տուգանքը հարցը չի լուծում, այդ 1 միլիոն դրամը հարց չի լուծում, ես վստահ եմ»,- ասում է Լևոն Բարսեղյանը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նույնպես չի հավատում, որ օրենքի այդ փոփոխությունից հետ վարչապետը կամ նրա թիմակիցները կտուգանվեն: Իրավապաշտպանը ցույց է տալիս Հովիկ Աբրահամյանի պաշտոնական հայտարարագիրը։ Դրանում չկան տեղեկություններ՝ մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգում գտնվող առանձնատան մասին, որը, ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների, պատկանում է հենց վարչապետին։

«Թեկուզ լինի 5 միլիոն դրամ [տուգանք], դա ի՞նչ էական նշանակություն կունենա։ Եթե վերցնենք վարչապետի ունեցվածքի վերաբերյալ տվյալները, որոնցով հեղեղված են լրատվամիջոցները (ոչ միայն իր, այլ նաև ֆինանսների նախարարի և այլն), այդ առումով՝ այս գույքը, որ մի քանի միլիոն դոլար են, եթե ոչ ավելի, դրանց համար 1, նույնիսկ 3 միլիոն դրամ տուգանքը որևէ էական նշանակություն չի ունենա»,- համեմատում է իրավապաշտպանը։

Սաքունցի համոզմամբ, առաջարկվող փոփոխությունն այն պաշտոնյաների համար է, որոնք գերադասում են տուգանք վճարել, բայց այդպես էլ հանրության սեփականությունը չդարձնել իրենց իրական եկամուտների ու գույքի մասին տեղեկությունները։ Նա կոռուպցիայի դեմ պայքարը կհամարեր իրատեսական, եթե կառավարությունը հետևեր Սերբիայի օրինակին՝ վերջերս այդ երկրում մեկ օրում կոռուպցիոն գործունեության մեջ կասկածվող տասնյակ պաշտոնյաներ ձերբակալվեցին։ «Սա իմիտացիա է, որ իբր թե պայքարում ենք։ Այլ երկրների օրինակները, որտեղ ձերբակալություններ եղան, համեմատել դա այս միջոցառման հետ, ծիծաղելի է»,- ասում է Սաքունցը։

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը, ով, ի տարբերություն գործընկերների, համաձայնել է մասնակցել կառավարության ստեղծած՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստերին, չի շտապում գնահատել՝ արդյո՞ք նախատեսվող մեխանիզմն ի վիճակի կլինի փարատել պաշտոնյաների իրական եկամուտների վերաբերյալ հանրության կասկածները: Նրա համար, սակայն, առայժմ բաց է մնում տուգանվելուց հետո կրկին տեղեկություններ թաքցնել պատրաստվող պաշտոնյային քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։ «Նախարարին հարցրեցի, հստակ չասաց»,- ասաց Հոկտանյանը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը մամուլին ասել էր, թե մոտ ապագայում հանձնաժողովին հասանելի կլինեն կադաստրային տվյալներ, որոնք հնարավորություն կտան ստուգել հայտարարագրերի հավաստիությունը:

Մինչ այդ, հիշեցնենք՝ 2015-ի ընթացքում երկրի նախագահի նստավայրում գործող բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն այդպես էլ որևէ պաշտոնյայի նկատմամբ վարույթ չհարուցեց` հիմքեր չունենալու պատճառաբանությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG