Մատչելիության հղումներ

«Գոյատևելու միակ բանաձևը չհանձնվելն է». վախճանվել է ռոք երաժիշտ Լեմմին


Լեմմի, Motorhead խմբի երգիչ և բաս-կիթառահար, լուսանկարն արվել է Շվեյցարիայում 2010 թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցած Paleo Festival փառատոնին օրերին։
Լեմմի, Motorhead խմբի երգիչ և բաս-կիթառահար, լուսանկարն արվել է Շվեյցարիայում 2010 թվականի հուլիսի 20-ին տեղի ունեցած Paleo Festival փառատոնին օրերին։

Լոս Անջելեսում դեկտեմբերի 28-ին 70 տարեկանում մահացել է Motorhead ռոք խմբի հիմնադիր, բաս կիթառահար և երգիչ Լեմմի Կիլմիստերը։

Խմբի կայքէջի փոխանցմամբ, երաժիշտը մահացել է «շատ ագրեսիվ քաղցկեղից, որը բժիշկները հայտնաբերել են նրա մահվանից ընդամենը երկու օր առաջ` դեկտեմբերի 26-ին»։

Իեն Ֆրեյզեր Կիլմիստերը, ով ռոք աշխարհում հայտնի էր Լեմմի բեմական անունով, ժամանակին առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, որոնք առաջացել են ալկոհոլի, ծխախոտի և թմրադեղի չարաշահման հետևանքով։ Վերջին տարիներին նա շեշտակի կրճատել էր խմիչքի, ծխախոտի և վնասակար այլ նյութերի օգտագործումը և զբաղվում էր սպորտով։

«Անկեղծ ասեմ` ժուժկալությունն առանձնապես հաճելի բան չէ, բայց դե մեռնելն էլ մի լավ բան չի, չէ՞»,- ասել է երաժիշտը Rolling Stone հանդեսին 2013-ին տված հարցազրույցում։

Մահվանից ընդամենը չորս օր առաջ 70-ամյակը նշած Լեմմին, ըստ մտերիմների, վերջին օրն անցկացրել է տանն իր սիրած վիդեոխաղերը խաղալով։

«Երկրպագուներ, այսօր բարձր միացրեք Motorhead-ի երգերը, դա կլինի Լեմմիին հարգանքի տուրք մատուցելու ամենաճիշտ ձևը, Լեմմին դա կգնահատեր, մի երկու բաժակ էլ խմեք»,- «Ֆեյսբուք»-ի էջում գրել են խմբի անդամները։

Այսօր աշխարհահռչակ ռոքերները ցավակցություն են հայտնում Լեմմիի մահվան կապակցությամբ։ Սոցիալական էջերում գրառումներ են արել Black Sabbath-ի մեներգիչ Օզզի Օզբորնը, Kiss խմբի անդամները, Queen-ի կիթառահար Բրայան Մեյը, Red Hot Chili Pepper խմբի բաս կիթառահար Flea-ն, Metallica-ի բաս կիթառահար Ռոբերտ Տրուխիլիոն, Motley Crue խումբը, Բիլլի Այդոլը և շատ ուրիշներ։ Կայքէջում իր և Լեմմիի լուսանկարն է տեղադրել Ջիմի Փեյջը։

«Կորցրել եմ լավագույն ընկերոջս, Լեմմիին շատ կկարոտենք, նա մարտիկ էր, լեգենդ, քեզ կհանդիպեմ այդտեղ»,- «Թվիթեր»-ում գրել է Օզզի Օզբորնը։

«Լեմմին էր heavy metal-ի հիմնադիրը, գուցե նույնիսկ Black Sabbath-ից առաջ էր նա գտել այդ ուղղությունը»,- ասել է Ալիս Քուփերը։

«Ո՞րն էր առաջին մեթալ խումբը։ Թերևս պետք է վիճակահանություն լինի Լեմմիի և Black Sabbath-ի միջև, ես ինքս հակված եմ ասելու, որ Լեմմին և Motorhead-ն են հիմնել heavy metal-ը»,- ասել է Օզզին։

Լեմմին ծնվել է 1945 թվականի դեկտեմբերի 24-ին Անգլիայում։ Երբ դեռահաս էր, 1960-ականներին Լիվերպուլում տեսել է բիթլերի համերգը, ինչն է'լ ավելի է խթանել երաժիշտ դառնալու ցանկությունը։ 70-ականներին Լեմմին ստեղծել է Hawkwind պսիխոդելիկ խումբը։ 1975 թվականին ստեղծել է Motorhead խումբը։

Այն թողարկել է 23 սկավառակ։ Առավել հայտնի սկավառակներից են On Parole-ը (1976-79), Overkill-ը (1979), Ace of Spades-ը (1980), Iron Fist-ը (1982), March or Die-ը (1992), We Are Motorhead-ը (2000)։

Լրագրողները հաճախ են հարցրել Լեմմիին, թե ո՞րն է ստեղծագործական երկարակեցության գաղտնիքը։ «Ոչ մի գաղտնիք չկա, պարզապես դադար չես վերցնում, մենք դադար չենք վերցրել, չենք հանձնվել, դա գոյատևելու միակ բանաձևն է` չհանձնվել»,- 2005 թվականին ասել է Լեմմին։

Տասը տարի անց` 2015 թվականին Motorhead-ը ձայնագրել և թողարկել է վերջին սկավառակը` Bad Magic-ը։ Լեմմին այն հասցրել է տեսնել...

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG