Մատչելիության հղումներ

Վանաձորի քաղաքապետարանը 14 միլիոն դրամ է ծախսել պարգևատրումների վրա


Վանաձորի քաղաքապետարանը այս տարվա ինը ամիսներին ավելի քան 14 միլիոն դրամ է հատկացրել պարգևատրումների, խրախուսումների և հատուկ վճարների համար։ Գումարները հատկացվել են քաղաքապետարանի աշխատակիցներին ու համայնքային աշխատողներին Ամանորի և Սուրբ Ծնունդի, մարտի 8-ի և ապրիլի 7-ի կապակցությամբ։

Ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ 14 միլիոն դրամը թեև շռայլություն չի համարում, բայց կարծում է, որ նման սուղ բյուջե ունեցող քաղաքը պետք է կրճատի ծախսերը։

«Ես կառաջարկեի ապրիլի 7-ը և մարտի 8-ը միավորել, էդպես ավելի գեղեցիկ միջոցառում անել։ Այդտեղ ևս կարելի է միջոցներ խնայել։ Այս պայմաններում մենք պետք է հաշվի առնենք բյուջեի բոլոր միջոցները և ավելի արդյունավետ ծախսենք»,- ասաց Քալանթարյանը։

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը բազմիցս է նշել, որ քաղաքապետարանը 100 միլիոն դրամ աշխատավարձի պարտք է կուտակել, համայնքային ենթակայության հիմնարկներում էլ մոտ 100 աշխատողի են կրճատել։ Գործազուրկների թիվը չավելացնելու համար ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը օրերս առաջարկեց հաջորդ տարի նվազեցնել տոնակատարությունների համար նախատեսվող, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների տրվող գումարները։ Առաջարկին քաղաքապետն արձագանքել էր՝ քաղաքապետարանի հիմնական խնդիրները համայնքի միջոցառումների կատարումն է։

«Հարգարժան ավագանու անդամներ, եթե դուք ուզում եք, որ ազգաբնակչության առջև ասեք, որ դեմ եք Նոր տարվա տոնախմբությանը, Ծաղկի տոնին, մնացածներին, մենք ամբողջությամբ կհանենք։ Բայց քաղաքապետարանի հիմնական խնդիրը համայնքային միջոցառում կատարելն է»,- ասել էր քաղաքապետը։

Վանաձորցիներից շատերը, մինչդեռ, չեն կարծում, որ քաղաքապետարանի աշխատանքը արժանի է պարգևատրման։ Նրանք ցույց էին տալիս սառցապատ մայթերը, կենտրոնական փողոցների աղտոտված հատվածները և էլի խնդիրներ մատնանշում, որոնք կարելի էր լուծել այդ գումարների հաշվին։

«Ի՞նչ կա գոհ լինելու, անընդհատ աղբահանությունից է խոսում, բայց շուրջ բոլորդ լրիվ աղբ ա»,- բողոքեց վանաձորցի մի կին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG