Մատչելիության հղումներ

«Նոր Հայաստան»-ը չկարողացավ կրկին տեղադրել իր պաստառը


Ոստիկանությունը այսօր ուժի գործադրմամբ արգելեց ընդդիմադիր «Նոր Հայաստան» շարժման պաստառը նորից տեղադրել Ազատության հրապարակում: Վայրկյանների ընթացքում օպերայի շենքի աստիճանահարթակին մոտեցան իրավապահների մեծաթիվ խմբեր՝ ուժի գործադրմամբ կանխելով պաստառը բացելու փորձերը։

Ոստիկանները փորձում էին բերման ենթարկել Գևորգ Սաֆարյանին։ Հրմշտոցի հետևանքով Սաֆարյանի հետ աստիճաններից ասֆալտին ընկավ տարեց մի տղամարդ, նրա պարանոցն արնահոսեց՝ դիպչելով հրապարակ մտած ոստիկանական մեքենայի դռանը։

Հիվանդանոցում բժշկական միջամտությունից հետո ժամեր անց ցուցարարը վիրակապով վերադարձավ հրապարակ: Այս ընթացքում իրավիճակն ավելի լարվեց: Տեղ հասած Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ շուրջ մեկ ամիս նույն տեղում փակցված պաստառը նորից տեղադրելն ապօրինի է։

«Պատմամշակութային արժեք ունեցող տարածք է, դուք կանոնները խախտել եք։ Հիմա ենք միջամտում, հարգելիս»,- ասաց Օսիպյանը՝ պատասխանելով հարցերին, թե ինչո՞ւ մինչև հիմա չէին միջամտում։

Օպերային թատրոնի շենքի վրայից երեկ իջեցված պաստառը «Նոր Հայաստան»-ն այլևս չի կարողանում վերականգնել: Ընդդիմադիրների փոխանցմամբ, թատրոնի ղեկավարությունը խնդրել էր ընդամենը մի քանի ժամով հանել պաստառը կենտրոնական մուտքից, իրենք էլ ընդառաջել էին, բայց պարզվեց՝ այն նորից փակցնել չի կարելի։

«Որևիցե իրավական հիմք չեն ներկայացնում և խոչընդոտում են մեր խաղաղ հավաքին»,- հայտարարեց Գևորգ Սաֆարյանը։

Հրապարակ եկավ նաև Օպերային թատրոնի փոխտնօրեն Սուրեն Աղաբաբյանը՝ բանակցելու «Նոր Հայաստան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ։

«Այն հիմնավորումը, որ Դուք հիմա փորձում եք բերել, արդեն ոստիկանի դիրքորոշում հանդես բերելով և վկայելով այն մասին, որ Դուք ոստիկանապետության հանձնարարականն եք կատարում և բաղադրիչ եք դառնում, շատ ցավալի է։ Ուրեմն էդ դեպքում խնդրում եմ առաջնորդվել օրենքով»,- ասաց Ավետիսյանը։

«Բացարձակ տենց չի»,- հակադարձեց Աղաբաբյանը.- «Ես էս շենքի ճարտարապետության վրա էդ պաստառը կախելը մի քիչ անիմաստ եմ տեսնում»։

Թատրոնի փոխտնօրենն ընդունում է, որ «Նոր Հայաստան» տարբերանշանով պաստառը չի վնասում շենքը, բայց ասաց՝ էսթետիկական խնդիր կա.- «Ձեր տան պատուհանին որ անընդհատ ինչ-որ բան բերեն կախեն, դուք ձեր կարծիքը կասե՞ք, թե՞՝ չէ։ Գտնում եմ, որ պաստառը էսթետիկապես հարիր չէ էս շենքին, սա իմ անձնական և ի պաշտոնե կարծիքն է, որովհետև ես եմ պատասխանատու շենքի համար»։

Վարուժան Ավետիսյանը համոզված է՝ մշակութային կառույցի ղեկավարությունը կատարում է իշխանությունների հրահանգը։ Ավետիսյանի ձեռքին քաղաքապետարանի գրությունն է, որով Մշակույթի նախարարությունը անցած ողջ ամսվա հավաքների և նստացույցի ժամանակ միայն վրան տեղադրելուն է դեմ եղել.- «Ցավալին այն է, որ մշակութային օջախի ղեկավարությունը այդ բարոյական սահմանն անցել է և այդ քայլը կատարել է, դավադրություն է կատարել, ստորություն է կատարել»։

Ընդդիմադիրները մտադիր չեն հրաժարվել պաստառից՝ առաջիկայում նորից են փորձելու այն տեղադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG