Մատչելիության հղումներ

Հրդեհներից տուժածները չնչին փոխհատուցում են ստանում


Իսկ մեկ ամիս առաջ Արարատի մարզի Նոյակերտ գյուղում հրդեհից տուժած Ավդոյանների ընտանիքը առհասարակ որևէ օգնություն առայժմ չի ստացել:

Չորս տարի առաջ «Պոնչիկանոց» սրճարանի հարևանությամբ բռնկված հրդեհը լրջորեն վնասել էր շուրջ մեկ տասնյակ առանձնատներ: Տուժածներից Մելանիա Զարդարյանը միայն վերջերս է կարողացել տանելի պայմաններ ստեղծել տանը:

Տիկին Մելանիայի պնդմամբ՝ քաղաքապետարանը տրամադրել է խոստացած օգնության չնչին մասը միայն․ - «Մինչև հիմա կռիշը չեմ կարում սարքեմ․․․ Չորս տարի ես պայքարեցի ամենավերջին կետերում, բայց ոչ մի բան չանցավ»:

Նա պատմեց, որ նույն օրը հիմնահատակ այրվել էին նաև իր երկու որդիների տները․ - «Փոխհատուցում այդպես էլ չստացան, թողեցին ու հեռացան»:

Տարեց կինը վստահ է, որ ինքը նույնպես ոչինչ չէր ստանա՝ եթե չբողոքեր․ - «Որովհետև մասշտաբով էղավ, շատ մեծ մասշտաբով էղավ ժխորը, էլ երևի չկարողացան ու տենց էլ տեղում թողեցին: Էլի շնորհակալ եմ, որ տեղում թողեցին: Կարող ա և հանեին փողոց գցեին»:

Տիկին Մելանիան վստահ է, որ տրամադրած չնչին օգնությամբ իշխանությունները պարզապես փակեցին իրենց բերանը:

Իսկ մեկ ամիս առաջ Նոյակերտ գյուղում հրդեհից գրեթե ամբողջությամբ այրված տան տերերը՝ Ավդոյանների ընտանիքն առայժմ որևէ փոխհատուցում չի ստացել ու ստանալու հեռանկար էլ, կարծես, չունի:

Սոցիալապես անապահով այս ընտանիքը, ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց ընտանիքի մայրը՝ Արմինեն, դեպքից ընդամենը երկու ամիս առաջ էր գնել այդ տունը, չէին հասցրել անգամ ամբողջությամբ վճարել գումարը: Իսկ այժմ միջոցներ են որոնում տունը վերանորոգելու համար․ սեփական ուժերով, հարևանների օգնությամբ ընդամենը կարողացել են ժամանակավորապես ծածկել տանիքը:

Գործազուրկ ամուսինները, որոնց ընտանիքն ապրում է երեխաների նպաստով, տատիկի ու պապիկի թոշակով, չեն պատկերացնում, թե ինչպես են անցկացնելու ձմեռը: Արմինեի խոսքով՝ դիմել են գյուղապետարան, սակայն պատասխան են ստացել, թե համայնքը միջոցներ չունի:

«Գնացի, որ վարկ գրվենք, մերժեցին, չտվեցին», - հավելեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG