Մատչելիության հղումներ

9/2 հանձնաժողովի անդամը կալանավորվել է, գործի նախաքննությունը՝ ավարտվել


Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Զավեն Միրիջանյանը, ընդգրկված լինելով դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը կազմակերպող թիվ 9 ընտրատարածքի 2-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմում, նույն հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանին նյութապես շահագրգռելով` խոչընդոտել է քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը: Այդ մասին ասված է ՀՔԾ-ի հաղորդագրությունում:

«Մասնավորապես՝ թիվ 9/2 ընտրական տեղամասի անդամ Զավեն Միրիջանյանը 2015 թվականի նոյեմբերի 25-ին, ՀՀ քաղաքացիների հանրաքվեի իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դիտավորությամբ, հանդիպել է նույն հանձնաժողովի անդամ Վարդան Հարությունյանին և նյութապես շահագրգռելով պահանջել է ձեռք բերել և իրեն տրամադրել վստահված անձանց տրվող, չլրացված երկու վկայականներ, իսկ հանրաքվեի օրը՝ իր ասած ժամին որոշակի ժամանակով լքել քվեարկության սենյակը», - փոխանցում է ՀՔԾ-ն:

Միրիջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, և նրա նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար, ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ նոյեմբերի վերջին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը գլխավոր դատախազությանն էր ներկայացրել երևանյան ընտրական հանձնաժողովներից մեկում իր ներկայացուցչին կաշառելու մասին վկայող փաստեր, դատախազությունը քրեական գործ էր հարուցել և այն նախաքննություն կատարելու համար փոխանցել ՀՔԾ-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG