Մատչելիության հղումներ

Անկարան Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման հույս է հայտնում


Վլադիմիր Պուտին, Ռեջեփ Էրդողան
Վլադիմիր Պուտին, Ռեջեփ Էրդողան

Էրդողանը և Չավուշօղլուն շեշտում են, որ Ռուսաստանը չափազանց կարևոր գործընկեր է Թուրքիայի համար:

Այնպես չէ, որ Ռուսաստանի և Թուրքայի միջև բոլոր հարաբերությունները խզված են: Այս մասին կիրակի երեկոյան հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

«Մեր հարաբերություններն ամբողջովին խզված չեն: Ես միշտ ասում եմ, որ երկու երկրները պետք է պահպանեն դիվանագիտական հարաբերությունները», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանի խոսքով՝ պաշտոնական Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները պահպանվում են տարբեր բնագավառներում, այդ թվում՝ էներգետիկայի և առևտրի:

Իր հերթին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե իր երկիրը մեծ ջանքեր է գործադրում հարաբերությունները Ռուսաստանի հետ վերականգնելու համար:

Ավելին, Չավուշօղլուն համոզված է, որ մի օր Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարելավվելու են և լինելու են այնպիսին, ինչպիսին նախկինում էին:

Էրդողանն ու Պուտինը վերջին 15 տարիների ընթացքում մեծ ջանքեր են գործադրել այդ հարաբերությունները զարգացնելու համար, և այսօր անհրաժեշտ է աշխատել հնարավորը անել՝ ստեղծված իրավիճակը շտկելու համար, ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Չավուշօղլուն նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը կվերանայի իր քայլերը Թուրքիայի նկատմամբ:

«Ցավոք, Մոսկվան որոշակի քայլեր է ձեռնարկել, որոնք վնասում են մեր երկրի որոշ քաղաքացիներին, և Անկարան իր մտահոգությունն այս կապակցությամբ հայտնել է Մոսկվային», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չափազանց կարևոր գործընկեր է իր երկրի համար, և հենց այդ պատճառով Անկարան համբերատար սպասում է ու որևէ պատասխան քայլի չի դիմում:

Հարաբերությունները երկու երկրների միջև, հիշեցնենք, կտրուկ վատթարացան այս տարվա նոյեմբերի 24-ին թուրքական զինված ուժերի կողմից թուրք-սիրիական սահմանին ռուսական Су-24 ռազմական օդանավի խոցումից հետո:

Ի պատասխան՝ արդեն նոյեմբերի 28-ին Մոսկվան էմբարգո սահմանեց թուրքական մի շարք ապրանքների, այդ թվում՝ գյուղմթերքի նկատմամբ: Բացի այդ, Ռուսաստանի իշխանությունները փաստորեն արգելեցին ռուսաստանցիներին հանգստանալ Թուրքիայի հանգստավայրերում․ տուրիստական ընկերություններն արդեն մեկ ամիս է՝ այդ ուղղությամբ փաթեթներ չեն վաճառում, ռուսական ավիաընկերությունները, որ տեղափոխում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին, դադարեցրել են իրենց չվերթները դեպի Թուրքիա:

Ռուսաստանը նաև արգելել է նոր համաձայնագրեր կնքել թուրքական ընկերությունների հետ մասնավորապես շինարարական ոլորտում:

Այդուամենայնիվ, էներգետիկայի բնագավառում համագործակցությունը շարունակվում է, Թուրքիան այսօր էլ մեծամասամբ հենց ռուսական գազն է սպառում, ավելին՝ վերջնականապես չի դադարեցվել համագործակցությունը նաև ատոմային էներգետիկայի բնագավառում:

Սրա հետ մեկտեղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամենամյա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիայի այսօրվա իշխանությունների հետ հնարավոր չէ համագործակցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG