Մատչելիության հղումներ

Արտեմ Ասատրյան․ «Արել ենք առավելագույնը»


Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան

Ըստ նախարարի, 2015-ի ձեռքբերումներից է այն, որ «5 հազար դրամով ավելացավ նվազագույն աշխատավարձը, 2000-ով` կենսաթոշակը»:

Այսօր, ամփոփելով անցնող 2015 թվականը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր տարեվերջան ասուլիսի ժամանակ, ոլորտում եղած ձեռքբերումների թվում արձանագրեց՝ «5 հազար դրամով ավելացավ նվազագույն աշխատավարձը, 2000-ով` կենսաթոշակը»:

«Ազատության» դիտարկմանը, թե թվարկված ձեռքբերումներն, այդուհանդերձ, կարիքավորներին ավելի ապահով չեն դարձրել, քանի որ եղել է գնաճ, նախարարը պատասխանեց՝ հասարակության պահանջներն ու կառավարության ծրագրերը երբևէ չեն կարող համապատասխանել, նախարարությունն էլ աշախատել է հնարավորության սահմաններում:

«Եթե դիտարկում ենք զբաղվածների, եկամուտ ստացողների, վճարում կատարողների և այդ վճարումներից օգտվողների հարաբերակցությունը, լավ իրավիճակ այստեղ չունենք: Ես կարծում եմ, որ եղած հնարավորությունների շրջանակում մենք փորձել ենք և փորձելու ենք անել առավելագույնը, որպեսզի մեր քաղաքացիների կենսամակարդակը ապահովենք բավարար չափով»,- ասաց նախարարը:

Ընդ որում, հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ, աննշան հաջողությունների մասին անգամ հազիվ թե խոսվի: Նախարարն ինքն էր հայտարարել՝ 2016-ը դժվար տարի է լինելու, գները բարձրանալու են առնվազն 4 տոկոսով: Եվ դա այն դեպքում, երբ թոշակների, աշխատավարձերի ավելացում չի նախատեսվում:

Ասատրյանն այդպես էլ չպատասխանեց «Ազատության» հարցին, թե ո՞րն է նման պայմաններում բարեկեցիկ ապրելու դեղատոմսը: Նա միայն ընգծեց՝ բյուջեի 1/3-րդը ուղղված է սոցիալական պաշտպանությանը, և դա արդեն իսկ վկայում է, թե ինչ քաղաքականություն է որդեգրել կառավարությունը:

«Գիտեք, ես կարծում եմ, որ բոլորս հասկանում ենք, որ այսօր անորոշություները շատ ավելի են ոչ միայն տարածաշրջանում, այլ ընդհանրապես աշխարհում: Հիմա մեր կողմից իրականացվել է առավելագույնը, որպեսզի մեր ստանձնած սոցիալական պարտավորությունները մենք կարողանանք լիարժեքորեն կատարել ու շարունակել: Ես կարծում եմ, որ բոլորս պետք է ուղղակի ավելի շատ աշխատենք, ավելի շատ հնարավորություններ ստեղծենք, որպեսզի նաև վերաբաշխումը, որ սոցիալական պաշտպանության ոլորտի միջոցով իրականացվում է, ավելի մեծ լինի, հատկապես այն անձանց համար, ովքեր իրենց սեփական աշխատանքով ի վիճակի չեն իրենց խնդիրները լուծել»,- շարունակեց նախարարը:

Գերատեսչությունում հաշվել են՝ թոշակները միջինը 15 տոկոսով բարձրացնելու համար լրացուցիչ 30 միլիարդ դրամ է պետք, ինչի հնարավորությունը, Ասատրյանի խոսքով, բյուջեն չունի: Լրագրողները նախարարին հիշեցրեցին կառավարության՝ 30 միլիարդ դրամը գերազանցող շքեղ ծախսերի մասին: Մասնավորապես, հաջորդ տարվա համար նախատեսված է կառավարության համար երկու նոր թանկարժեք մեքենա գնել, բարձրացնել Կենտրոնական բանկի նախագահի, ինչպես նաև դատախազների աշխատավարձերը, շարունակաբար միլիարդներ են ծախսվում նաև Ֆինանսների նախարարության՝ Դիլիջանի ուսումնական կենտրոնի համար, չի պակասում նաև պաշոտնայների արտասահմանյան ուղևորությունների ծախսը:

Ինչո՞ւ սոցիալական ոլորտի թիվ մեկ պատասխանատուն չընդդիմացավ և չպնդեց, որ այս շռայլությունների փոխարեն գոնե թոշակները մի փոքր բարձրացնեն: Լրագրողների այս հարցին նախարարն արձագանքեց՝ համեմատությունը համարժեք չէ, ավելին՝ ըստ Ասատրյանի, երկրի բնականոն գործունեությունը չպետք է խաթարվի:

«Եթե դուք կարծում եք, թե ես այդքան հնարավորություն կամ ժամանակ կարող էի ունենալ նաև պետական կառավարման բոլոր մյուս ուղղություններով մանրամասն նայել, թե ինչպիսի ծրագրեր են նախատեսվում, կամ ինչպիսի գնումներ պիտի իրականացվեն, դա այդպես չի: Եվ առաջին հերթին, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պետական կառավարման մարմնի ղեկավար իր ոլորտում իրակացվելիք ու իրականցվող ծրագրերի հետ կապված աշխատանքերը պետք է կարողանա պատշաճ իրականացնել»,- ասաց Ասատրյանը:

Ի դեպ, նա հրաժարվեց նշել ոլորտի որևէ ուղղություն, որտեղ տարվա ընթացքում բացթողումներ կամ ձախողումներ են եղել՝ պնդելով, թե այդ մասով մամուլը բավական լավ աշխատել է: Նախարարը բացթողում չտեսավ նաև կուտակային կենսթոշակային համակարգում, թեև ֆոնդերի կառավարիչները տարվա ընթացքում միլիոնավոր դրամների կորուստ են կրել: «Համակարգն ավելի լավ է աշխատելու: Եթե նայեք ցուցանիշները, կտեսնեք, որ ապահովվել է համապատասխան իրական եկամտաբերություն քաղաքացիների համար, և դա նշանակում է, որ համակարգը աշխատում է միանշանակ»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG