Մատչելիության հղումներ

Իրաքը մտադիր է ձեթ ներկրել Հայաստանից՝ Թուրքիայի փոխարեն


Իրաք - Ձեթի գործարան Մայսանում, արխիվ
Իրաք - Ձեթի գործարան Մայսանում, արխիվ

Իրաքի կառավարությունը, քաղաքական դրդապատճառներից ելնելով, մտադիր է դադարեցնել թուրքական ձեթի ներմուծումը և փոխարենը ձեթ ներկրել Հայաստանից:

Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Իրաքի առևտրի նախարարության մամուլի խոսնակին, հաղորդում է, որ Իրաքի առևտրի նախարարի պաշտոնակատար Մոհամեդ Շիա ալ-Սուդանին Հայաստանի դեսպան Կարեն Գրիգորյանի հետ քննարկել է Թուրքիայի փոխարեն Հայաստանից ձեթ գնելու հնարավորությունները: Հանդիպումը տեղի է ունեցել Բաղդադում անցած շաբաթ:

Իրաքում Հայաստանի դեսպանությունից հաստատել են հանդիպման փաստը, սակայն առանց մանրամասնելու, թե ինչ հարցեր են քննարկվել:

Իրաքի առևտրի նախարարության մամուլի խոսնակն ասել է, թե պլանավորվել է աստիճանաբար կրճատել ձեթի ներմուծումը Թուրքիայից:

Կառավարական ծրագրերով ներմուծվող ձեթը անվճար բաժանվում է բնակչությանը՝ մաս կազմելով պարենային զամբյուղի ապահովմանը:

Մամուլի խոսնակն ասել է, թե նախատեսվում է թուրքական ձեթը փոխարինել տեղական արտադրության ձեթով, ինչպես նաև այլ երկրներից ներմուծումներով:

Իրաքյան մամուլը, մասնավորապես՝ Բաղդադում հրատարակվող «Ալ-Բայնա ալ-Ջադիդա» թերթը, գրել է, որ այս քայլը բողոք է Իրաքի հյուսիսային շրջան թուրքական զորքեր մտցնելու դեմ:

«Իրաքի կառավարության ծրագրերով ներմուծվող ամբողջ ձեթը տարիներ շարունակ ապահովել է միայն Թուրքիան», - ասել է առևտրի նախարարության խոսնակը, բայց կոնկրետ թվեր չի նշել: Նա ասել է, որ թուրքական ձեթի ներմուծումների ծավալների կրճատումը մասնավոր սեկտորին չի վերաբերում:

Յուրաքանչյուր ամիս Իրաքի բոլոր քաղաքացիներին հատկացվող պարենային օգնության զամբյուղում կա շաքար, ալյուր, ձեթ և բրինձ, քանակությունը կախված է ընտանիքի անդամների թվից:

Իրաքի արդյունաբերության նախարար Մոհամեդ ալ-Դարաջին հինգշաբթի օրը Բաղդադում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ արդյունաբերության նախարարությանը պատկանող հին գործարանները վերանորոգելու, վերագործարկելու միջոցով Իրաքը եկող տարի պետք է ավելացնի սեփական ձեթի արտադրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG