Մատչելիության հղումներ

Չարենցավանցի գործարարը մտադիր է դատական կարգով փոխհատուցում ստանալ


Գործարար Գևորգ Հակոբյան
Գործարար Գևորգ Հակոբյան

Գևորգ Հակոբյանի համար այդպես էլ հանելուկ է մնացել, թե ով է իր փոխարեն վճարել Ֆինանսների նախարարության սահմանած 300 հազար դրամ տուգանքը։

47-ամյա գործարարը ցույց է տալիս հարկային մարմնի երկու տարբեր որոշումները՝ մեկը՝ իր հաշվի վրա կալանք դնելու, մյուսը՝ պարտքերը մարելուց հետո կալանքը վերացնելու վերաբերյալ։

«Գոնե գրի՝ լավ, ընկեր ջան, կներես, որ սխալ ենք եղել, ինչ-որ բան թերի է եղել, ինքը փորձում ա․․․ Ինչ-որ անհեթեթ բացատրություն ա տալիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հակոբյանը:

Գևորգը մինչև օրս պաշտոնական պատասխան չի ստացել: Ենթադրություններից մեկն այն է, որ հարկային մարմնի ապօրինությունների մասին իր բարձրացրած աղմուկից հետո է այդ մարմինը արձանագրել, թե ինքն իբր մարել է պարտքը․ - «ԴԱՀԿ-ից նամակ ենք ստանում, որ իբր պարտք ենք 300 հազար դրամ, չենք վճարել, հաշիվների վրա կալանք է դրվում, մեր գույքի նկատմամբ կալանք ա դրվում, մեզ հետախուզում են նշանակում․․․ Անհասկանալի ձևով դրեցին, անհասկանալի ձևով հանեցին»:

Չարենցավանում երեք խանութի սեփականատեր Գևորգ Հակոբյանը մտադիր է դատարանում վերականգնել իր իրավունքները և կառավարությունից փոխհատուցում ստանալ` բանկային հաշվի վրա «ապօրինի կալանք դնելու և խանութը 5 օրով փակելու համար»։

ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար երկու ամսվա ընթացքում երկրորդ անգամ տուգանված գործարարը վկայակոչում է օրենքը՝ խանութը փակելուց առաջ հարկային մարմինը պետք է նախօրոք նամակով տեղեկացներ այդ մասին:

«Որոշումը մենք չենք ստացել, որոշումը մեզ չեք տվել, սննդի խանութ ա, ստեղ փչացող հազար ձևի ապրանք կա․․․ Խանութը 3-4 ժամ փակ պահեցին․․․ մինչև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ինչ-որ զանգեցին, հետո հասկացան, որ անօրինական գործ են կատարում», - պատմեց գործարարը:

Խանութն ի վերջո փակվել է: Գևորգ Հակոբյանը տարակուսում է՝ նշելով, որ կտրոն չտրամադրելու դիմաց 300 հազար դրամ տուգանքը մարելու համար օրենքով երկու ամիս ժամանակ ուներ։ Բայց չի հասցրել տուգանքը վճարել, քանի որ պարզել է, որ իր բանկային հաշիվն արգելափակված է։

«Փոքր և միջին ձեռներեցության համագործակցություն» ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց, թե գործարարի փաստարկներն անվիճելի են, ուստի Ֆինանսների նախարարությունը պետք է փոխհատուցի պատճառված վնասը:

Ավագյանը նաև ասաց, թե Գևորգ Հակոբյանի օրինակը միակը չէ․ պարզապես շատերը նախընտրում են լռել` ավելորդ գլխացավանքից խուսափելու համար։

«Ոլորտում համակարգային փոփոխությունների կարիք կա, բայց չկա կամք», - ասաց նա: - «Այս պատկերը խոսում է նրա մասին, որ մենք ունենք վստահության պակաս»:

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով, 2015-ին Հայաստանում փակվել է 7 հազար փոքր ու միջին ձեռնարկություն, բացվել է 15 հազարը։

Փակման վերաբերյալ նախարարության այս ոլորտի պատասխանատու Արամ Օհանյանը բերեց մի քանի պատճառ`չհիշատակելով, սակայն, կոռուպցիան ու հովանավորչությունը․ - «Կոնկրետ տվյալներ, որ կոռուպցիայի ազդեցությամբ կամ հարկային մարմինների վատ գործունեությամբ պայմանավորված լուծարման դեպքերի մասին հայտնի չէ»:

Գևորգ Հակոբյանը, մինչդեռ, իր խանութներից մեկի համար գնորդ է փնտրում, որպեսզի փրկի մյուսները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG