Մատչելիության հղումներ

Բաքուն պատրաստվում է հակադարձել Վաշինգտոնի հնարավոր պատժամիջոցներին


Ադրբեջանական Միլի մեջլիսը, արխիվ
Ադրբեջանական Միլի մեջլիսը, արխիվ

ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցների ադրբեջանական օրինագծում անդրադարձ կա նաև Հայաստանին և Ղարաբաղին։

Բաքուն պատասխան պատժամիջոցներով է սպառնում Վաշինգտոնին։ Երբ անցյալ շաբաթ ամերիկացի կոնգրեսական Քրիս Սմիթը Կոնգրեսին ներկայացրեց Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին օրինագիծը, ադրբեջանական Միլի մեջլիսը որոշեց պատասխան քայլեր ձեռնարկել։

Շուտով ադրբեջանցի պատգամավորների սեղաններին կհայտնվի «Մարդու իրավունքների վիճակը Միացյալ Նահանգներում» վերտառությամբ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ, նախ՝ Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու, ապա նաև՝ այդ երկրում «մարդու իրավունքների համատարած խախտումների» համար։

Տասնյակ քաղբանտարկյալներ ունեցող Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռովշան Ռզաևը իր հեղինակած փաստաթղթում պնդում է, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները տոտալ վերահսկողություն են սահմանել հասարակության նկատմամբ, սահմանափակում են մամուլի և խոսքի ազատությունը, խախտում մարդու իրավունքները:

Փաստաթղթում խոսվում է «Միացյալ Նահանգներում գոյություն ունեցող ռասայական և կրոնական խտրականության» մասին, «կոռումպացված և կեղծվող ընտրությունների, ընտրական գործընթացների ոչ անաչառ լինելու» մասին։

Պատգամավորը փաստաթղթին առանձնակի կշիռ հաղորդելու նպատակով որոշ մեջբերումներ է արել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հայտարարություններից։

Ռզաևը անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության հարցում Վաշինգտոնի դիրքորոշմանը, որը նույնպես չի համապատասխանում պաշտոնական Բաքվի ակնկալիքներին:

Այդ ամենը հաշվի առնելով՝ պատգամավորն առաջարկում է վիզային պատժամիջոցներ սահմանել իր երկիրը վարկաբեկող անձանց, նրանց ընտանիքի անդամների, կոնգրեսականների, սենատորների, լրատվամիջոցների ղեկավարների, լոբբիստական խմբերի նկատմամբ։

Օրինագիծը առաջարկում է նաև պատժել այն ադրբեջանցիներին, ովքեր ԱՄՆ-ի իշխանությունների հետ համագործակցության դիմաց ֆինանսական ռեսուրսներ են ստանում։

Պատգամավորը կոչ է անում արգելել Ադրբեջանի պետական կառույցների համագործակցությունը ամերիկյան ընկերությունների հետ, խզել գործող պայմանագրերը և հրաժարվել առևտրատնտեսական նոր կապերից։ «Դադարեցնել ոչ միայն էներգետիկ, այլ նաև ռազմական համագործակցությունը», - ասվում է փաստաթղթում։

Օրինագծի՝ Միլի մեջլիսի հավանությանն արժանանալու դեպքում վտանգվում է նաև ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ամերիկյան համանախագահությունը․ Ադրբեջանը կպահանջի հետ կանչել ամերիկացի դիվանագետին այդ կառույցից։

Պատժամիջոցները կչեղարկվեն միայն մի դեպքում, եթե Ադրբեջանի թվարկած պահանջները կատարվեն, և ԱՄՆ-ը, ի վերջո, վերահաստատի իր հավատարմությունը միջազգային իրավունքի սկզբունքներին, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտւթյան հարցում, այսինքն՝ «Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանի և դադարեցնի կապերը Ղարաբաղի անջատականների հետ»։

«Ոչ մի երկիր կատարյալ չէ», - մեկնաբանելով ադրբեջանցի պատգամավորի հեղինակած օրենսդրական նախագծում տեղ գտած քննադատությունը՝ հայտարարել է Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատունը: - «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ապահովումն ու երաշխավորումը պահանջում են մշտական երկխոսություն ու վերլուծություն: Հանուն երկու երկրների բարօրության մենք պատրաստ ենք երկխոսության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG