Չնայած գառնեցիները հաստատակամ են և պնդում են, որ թույլ չեն տալու գյուղի կողքով անցնող Ազատ գետի հաշվին ոռոգել Արտաշատի մերձակա գյուղերը, այսօր բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը լրագրողներին հավաստիացրեց՝ Գառնիում երկու հանրային լսում են արել ու ստացել գյուղացիների հավանությունը: Այդ մասին անգամ փաստաթուղթ ունեն, ուստի 10 միլիոն դոլարանոց ծրագիրը չի դադարեցվի:
«Եթե դա շրջակա միջավայրին վնաս չի պատճառում, եթե դա օրենքով կարելի է, եթե դրան տրվել է դրական եզրակացսւթյուն, մենք, բնականաբար, պիտի ընդունենք այդ դրական եզրակացությունը», - նշեց նախարարը, - «Տեղի է ունեցել երկու լսում: Մեկը իրականացրել է համայնքը, մյուսը իրականացրել է բնապահպանության նախարարությունը: Մենք որևէ բացասական երևույթ չենք նկատել: Համայնքի կողմից, ավագանու կողմից ունենք եզրակացությունը դրական, որ իրենք համաձայն են, որպեսզի այդ տարածքից ջուրը տեղափոխվի համապատասխան վայր, և օրինական մենք տվել ենք մեր թույլտվությունը: Հիմա՝ ի՞նչ իրավիճակ է, ինչի՞ համար են այդպես ահազանգում, ինձ էլ է մի քիչ անհասկանալի»:
Մինչդեռ Գառնիի բնակիչ Արուսյակ Այվազյանի համար էլ համայնքի դրական կարծիքի մասին նախարարի տեղեկություններն են անհասկանալի: Նշում է՝ ծրագրին միայն գյուղապետն ու ավագանին են կողմ, այն էլ, ըստ նրա, վերևներից եկած ճնշումների արդյունքում: Այս տարեսկզբին անգամ ավելի քան 2000 ստորագրությամբ նամակ էին ուղարկել հանրապետության նախագահին։
«Բոլոր քննարկումների ժամանակ հանրությունը կտրուկ դեմ է դուրս եկել: Նույնիսկ մեկ անգամ բոյկոտել ենք, լքել ենք դահլիճը ու դուրս ենք եկել: Ոչ ոք կողմ չէ, բոլորը դեմ են, անգամ ավագանին է դեմ, բայց վախից, քանի որ վերին օղակները ճնշում են գործադրում գյուղապետի և ավագանու վրա, նրանք վախից տալիս են իրենց համաձայնությունը», - ասում էր Արուսյակ Այվազյանը:
Դեռ անցած տարվա ամռանը «Ազատություն» ռադիոկայանը մասնակցել է այդ հանրային քննարկումներից մեկին, որն անցել է լարված մթնոլորտում։ «Հայհիդրոէներգոնախագիծ» ինստիտուտի ներկայացուցիչներն իրենց հիմնավորումներով եկել էին հանդիպելու տեղացիներին, սակայն գյուղացիները միմյանց հերթ չտալով պնդում էին՝ եթե Ազատ գետի ջուրը նվազեցվի, գյուղը բնապահպանական լուրջ խնդիրներ կունենա։
Երեք օր առաջ էլ գառնեցիները, իբրև բողոքի նշան, փակել էին գյուղ տանող գլխավոր ավտոճանապարհը։ Արուսյակ Այվազյանը բողոքի ակցիայի մասնակիցներից էր։ Ասում է՝ հայտնի չէ՝ ինչպես են հաջողել դրական եզրակացությամբ հանրային քննարկում արձանագրել։ Բնապահպանության նախարարի հայտարարությունն էլ անընդունելի է համարում։
«Եթե ինքը նման բան է ասել, ուրեմն թող իրենց նախարարության անունը փոխեն, ոչ թե բնապահպանության, այլ բնաքանդության, այլ հայրենաքանդության, այլ հայրենադավության նախարարություն», - ասում է նա:
Գյուղապետ Աշոտ Վարդանյանը ստորագրել է դրական եզրակացությամբ հանրային քննարկման մասին արձանագրության տակ: Չհերքելով, որ գյուղը դեմ է ոռոգման համակարգ կառուցելու թանկարժեք ծրագրին, դժվարացավ ասել՝ ովքեր են կողմ եղել և ում միջոցով է դրական եզրակացություն ձևավորվել։ Բայց միանշանակ կարծում է՝ ծրագիրը եթե ոչ իրենց գյուղի, ապա հարևան մարզի 12 գյուղերի համար կարևոր նշանակություն ունի։ Գյուղապետի այս համոզմունքը, սակայն, գյուղացիները չեն կիսում։
Գառնեցիները հատկապես մատնանշում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը, ով ոռոգման ծրագրում ընդգրկված հողատարածքներում մեծ չափաբաժին ունի։
«Քանի որ նա այնտեղ ունի շատ հողատարածքներ, և նույնիսկ ասում են՝ ոչ թե 120 հա, այլ ավելին՝ 2000-2500 հա հողատարածք ունի։ Այլապես ոչ ոք չէր գնա այդ բնակործան քաղաքականությանը», - պնդում է Արուսյակ Այվազյանը:
Ծրագրի իրականացման արդյունքում Արտաշատի տարածաշրջանի 12 գյուղեր կոռոգվեն ինքնահոս եղանակով։ Այսօր դրանց ոռոգման համար հոսանք ծախսող պոմպակայաններ են գործում։ Ծրագրի ջատագովները պնդում են, թե ինքնահոս եղանակի անցնելով տարեկան մոտ մեկ միլիոն դոլար կտնտեսեն։ Սակայն բողոքի ծայրահեղ քայլերի գնացող գառնեցիները համոզված են՝ վարկային միջոցները կարելի է ավելի արդյունավետ ծախսել՝ օգուտ բերելու տարածաշրջանին։