Մատչելիության հղումներ

Սահմանային լարվածությունը պահպանվում է


Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ, ինչպես հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակը՝ «լարվածությունը թուլացած է»:

Անցած գիշեր, առաջին անգամը լինելով վերջին շաբաթների ընթացքում, հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկեվազ գյուղերը։ Զոհեր ու վիրավորներ չկան:

Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է․ - «Տավուշի հատվածի մեկ-երկու գյուղերի ուղղությամբ եղել են հրաձգային զենքի կրակոցներ, բայց՝ ոչ մեծ տրամաչափի, սովորական զենքերից են եղել: Բայց ընդհանուր առմամբ լարվածությունը թուլացած է: Անգամ այն հանգամանքով, որ մինչ այդ Տավուշում չէին կրակել, երեկ կրակել են, ընդհանուր սահմանին՝ թե՛ Տավուշում, թե՛ Պաշտպանության բանակի հատվածում, հանգիստ է»:

Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ գիշերը լարվածություն է եղել նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում. ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ ավելի քան 2 հազար կրակոց է արձակել՝ առանձին հատվածներում կիրառելով նաև զենիթահրթիռային կայանքներ, նռնականետեր և խոշոր տրամաչափի ականանետեր: Զոհեր և վիրավորներ չկան։

Երեկ «Ազատության» հետ զրույցում Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր․ - «Ադրբեջանի ձեռամբ մենք մսխել ենք հրադարարը, այսինքն՝ իրենք են մսխել: Երբ որ չկա հրադադար, չկա խաղաղություն: Իսկ եթե չկա խաղաղություն, ինքը ռազմական որևէ դրություն է: Ռազմական այդ տվյալ դրության վերնագիրը ինչպե՞ս կտանք՝ մենք ունենք իրավիճակ սահմանին՝ դա մարտական գործողություններ են, դա կիսապատերազմ է, դա դանդաղ պատերազմ է, դա հիբրիդային պատերազմ է՝ սա ճաշակի հարց է: Բայց մի բան ակնհայտ է՝ մենք չունենք խաղաղություն, մենք չունենք հրադադար: Սա է ամենակարևորը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG