Մատչելիության հղումներ

ԵՄ-ին անդամակցության կողմնակիցների թիվը Վրաստանում աճում է


Վրաստան - Տեսարան մայրաքաղաք Թբիլիսիից, արխիվ
Վրաստան - Տեսարան մայրաքաղաք Թբիլիսիից, արխիվ

NDI-ի հարցման արդյունքներով՝ ԵՏՄ-ին անդամակցության կողմնակիցներն էլ երկրում պակասում են:

Վրաստանի բնակչության գրեթե մեկ քառորդը` 24 տոկոսը համոզված է` երկիրը պետք է անդամակցի Եվրասիական միությանը: Սա են վկայում ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի կողմից նոյեմբերին անցկացված հերթական հարցման արդյունքները, որոնք Թբիլիսիում լայն հանրությանը ներկայացվեցին այս շաբաթասկզբին:

Օգոստոսին կազմակերպված նմանատիպ հարցման համեմատ, ի դեպ, Եվրասիական միության վրաստանցի աջակիցների թիվը նվազել է շուրջ չորս տոկոսով: Փոխարենը, ըստ հետազոտության արդյունքների, զգալիորեն աճել է Վրաստանի` Եվրամիությանն անդամակցության կողմնակիցների թիվը` 47-ից հասնելով 58 տոկոսի:

Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հարցում վրացիներն անհամեմատ ավելի հստակ մոտեցում ունեն: NDI-ի հարցման համաձայն՝ ՆԱՏՕ-ին անդամակցության կողմնակիցների թիվը Վրաստանում 69 տոկոս է կազմում, հակառակորդներինը` 21: Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության կողմնակիցների համոզմամբ՝ այդ քայլի շնորհիվ կամրապնդվի Վրաստանի անվտանգության համակարգը, նոր խթան կտրվի երկրի տնտեսության զարգացմանը, հնարավորություն կստեղծվի վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2016-ի աշնանը Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են նշանակված `ամերիկյան Ազգային ժողովրդավարական ինստիտուտը իր հետազոտության ընթացքում չէր կարող շրջանցել նաև կուսակցությունների վարկանիշի թեման: Սոցհարցման համաձայն՝ եթե խորհրդարանական ընտրությունները այժմ կայանային, քվեների հարաբերական մեծամասնությունը կստանար իշխող «Վրացական երազանք» դաշինքը․ քաղաքական այս ուժի օգտին պատրաստ է քվեարկել վրաց ընտրողների 18 տոկոսը: Դա 4 տոկոսով ավելի է, քան օգոստոսին, երբ առաջին անգամ 2012 թվականից ի վեր Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած «Վրացական երազանք»-ը համակիրների թվով զիջեց ընդդիմադիր Ազգային միացյալ շարժմանը: Չորս ամսում, սակայն, Սաակաշվիլիի կողմնակիցների թիվը կրկին նվազեց` օգոստոսյան 15 տոկոսից հասնելով 12-ի: Հարցման գլխավոր հերոսները, սակայն, պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասիան և նրա «Ազատ դեմոկրատներ»-ն են․ այս կուսակցությունը Վրաստանի քաղաքական ուժերի շարքում վստահորեն երրորդ տեղում է` 7 տոկոս վարկանիշով:

Հավելենք, սակայն, որ վրաց ընտրողների գերակշիռ մասը` 60 տոկոսը նշել է, թե դեռ չի կողմնորոշվել՝ քաղաքական որ ուժի օգտին է քվեարկելու խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG