Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում երեկ կայացել են ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ:
Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ ռուսական կողմից խորհրդատվություններն անցկացրել են Չտարածման և սպառազինությունների վերահսկման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը և նրա տեղակալ Վլադիմիր Երմակովը, իսկ հայկական կողմից` արտգործնախարարության սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Խորհրդատվություններին մասնակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանության խորհրդական Արա Ավետիսյանը:
Կողմերը քննարկել են միջուկային զենքից ազատ գոտիներին, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վերանայման խորհրդաժողովին, Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման ռեժիմին, արտահանման վերահսկման ոլորտին առնչվող հարցեր: Կողմերը գոհունակություն են հայտնել միջազգային կառույցների շրջանակներում արդյունավետ համագործակցության առնչությամբ։
Պարբերաբար անցկացվող ամենամյա երկկողմ խորհրդատվությունները կողմերը գնահատել են որպես կարևոր միջոցառում դիրքորոշումների հստակեցման և համաձայնեցման առումով և ընդգծել են շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։