Իսրայելն ու Թուրքիան նախնական համաձայնության են եկել վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք դադարեցվել էին 2010 թվականից, երբ իսրայելական ուժայինները կանխեցին Գազայի շրջափակումը կոտրել փորձող թուրքական նավի առաջխաղացումը:
Այս մասին գրում է Bloomberg-ը ՝ հղում անելով իսրայելական կառավարական աղբյուրներին:
Թուրքիա - Իսրայել բանակցություններն ընթացել են Շվեյցարիայում: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Իսրայելը կստեղծի սպանված 10 թուրք նավաստիների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հիմնադրամ: Փոխարենը՝ Թուրքիան կդադարի հետապնդել իսրայելցի զինվորական պաշտոնյաներին, ովքեր նախաձեռնել էին նավի վրա հարձակումը:
Երկրները նաև կքննարկեն գազատար կառուցելու հարցը: Թուրք պաշտոնյաներն ասել են, որ այս հաշտեցումը խթանել է ռուս-թուրքական կոնֆլիկտը, որից հետո Թուրքիան սկսել է էներգիայի այլընտրանքային աղբյուրներ փնտրել: