Մատչելիության հղումներ

Փաշինյան․ «Վերահսկիչ պալատի նախագահը այսօր այստեղ էր, մեր կողքին նստած»


Վերահսկիչ պալատի 2014 թվականի հաշվետվությունը բյուջեի յուրացման կամ չարաշահումների մասին որևէ ցնցող բացահայտմամբ աչքի չընկավ:

Ընդդիմադիրներ պատգամավորները շարունակ նկատում էին, թե այս հաշվետվությունը անատամ է և ավելի շատ դեկորացիա է հիշեցնում, մինչդեռ 2013-ին, երբ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացնում էր 2012-ի հաշվետվությունը, խորհրդարան էր եկել մալուխը ձեռքին՝ հայտարարելով, թե բյուջեի 70 տոկոսը մսխվում է:

Այսօր Ազգային ժողովում 2014-ի հաշվետվության քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձեց բացատրել, թե որն էր այն ժամանակ Իշխան Զաքարյանի աղմկահարույց հայտարարությունների իրական դրդապատճառը․ - «Հիշում եք, որ այստեղ Իշխան Զաքարյանը կաբելը, պլինտուսի կտորը, գյաջի կտորներ ձեռքին ապացուցում էր, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը լափում է Հայաստանի պետական բյուջեի 70 տոկոսը: Դա ներիշխանական մի ամենախոշոր ինտրիգ-դավադրության կարևորագույն արտահայտությունն էր: Այդ ինտրիգ-դավադրության առաջնորդը միանշանակ այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն էր, ով, իր վերահսկողության տակ առնելով խորհրդարանի ոչ իշխանական և ընդդիմադիր ուժերի մեծ մասին, որոշել էր տապալել Տիգրան Սարգսյանի կառավարությունը և վերահսկողություն սահմանել ողջ իշխանական ապարատի նկատմամբ՝ դառնալով իշխանության ժառանգորդ, և Վերահսկիչ պալատի զեկույցը այս օպերացիայի կարևորագույն և անբաժանելի մասն էր»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, թե Հովիկ Աբրահամյանի պլանը հաջողվեց, որովհետև Սերժ Սարգսյանը ստիպված պաշտոնանկ արեց Տիգրան Սարգսյանին և վարչապետ նշանակեց Աբրահամյանին, սակայն Սերժ Սարգսյանը հետագայում ռևանշի հասավ․ - «Եվ ինչպես Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանին ժամանակին ստիպել էր բամփել իր սիրելի վարչապետ Տիգրան Սարգսյանին, այնպես էլ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին ստիպեց բամփել իր սիրելի խնամի Գագիկ Ծառուկյանին: Իշխանական այս ներքին կռիվը, սակայն, ամենևին ավարտված չէ: Սերժ Սարգսյանը, ինչպես գիտեք, վերադարձնում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում, ինչը նշանակում է, որ Հովիկ Աբրահամյանի գործերը առաջիկայում կարող են կտրուկ վատանալ»:

Ի դեպ, երբ 2013-ին Իշխան Զաքարյանը հայտարարեց, թե բյուջեի 70 տոկոսը մսխվում է, որոշ ժամանակ անց նա հրապարակայնորեն արժանացավ նախագահ Սերժ Սարգսյանի խիստ քննադատությանը:

«Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգևորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել», - մասնավորապես ասել էր Սերժ Սարգսյանը:

Նախագահի այս կոշտ դիտողություններից հետո Զաքարյանը տևական ժամանակ խորհրդարանում այլևս չհայտնվեց: Նրա փոխարեն 2014-ին հաշվետվություն ներկայացրեց նրա տեղակալը, և քանի որ տևական դադարից հետո առաջին անգամ Զաքարյանը այս օրերին ժամանել էր խորհրդարան, Նիկոլ Փաշինյանը շտապեց հեգնել՝ Գագիկ Ծառուկյանի՝ հանրահավաքում հնչեցրած հայտնի խոսքերով․ - «Վերահսկիչ պալատի նախագահը այսօր այստեղ էր, մեր կողքին նստած, և մենք բոլորս շատ հպարտ էինք, որ Իշխան Զաքարյանը այստեղ էր, մեր կողքին նստած»:

Նիկոլ Փաշինյանը չշրջանցեց նաև Իշխան Զաքարյանի մի քանի միլիոն դոլարանոց դղյակի կառուցման հարցը՝ հայտարարելով, թե շուրջ 3 տարի ձգվող խորհրդարանական քննությունից հետո հաջողվեց մի չնաշխարհիկ կոռուպցիոն մեխանիզմ բացահայտել, այն, թե ինչպես էր ստացվել, որ Վերահսկիչ պալատի նախագահը սփյուռքահայ գործարարից մի քանի միլիոն դոլարի նվեր էր ստացել և այդ գումարներով իր համար տուն կառուցել․ - «Բայց սա ի՞նչ հանելուկ է: Լավ՝ ընկերական հարաբերությունով կարելի է 10 հազար, լավ՝ 30 հազար նվիրել: Բայց մի միլիոն, երկու միլիոն փողը ո՞նց են ընկերական հարաբերություններում նվիրում: Եվ ահա՝ երեկվա հարցուպատասխանի ընթացքում Իշխան Զաքարյանը խոստովանեց, որ Ալբերտ Բոյաջյանը Հայաստանում սպորտային խոշոր օբյեկտների սեփականատեր է: Եվ սա ինչո՞վ է կարևոր՝ որ այս ողջ ընթացքում, երկար տարիներ, Իշխան Զաքարյանը եղել է Սպորտի պետական կոմիտեի նախագահ, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ»:

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը փորձեց ընդհատել․ - «Պարո՛ն Փաշինյան, հաշվետվությունից խոսեք, Իշխան Զաքարյանի հարցը չենք քննարկում»: Փաշինյանը հակադարձեց․ - «Պարո՛ն Սահակյան, հիմա ի՞նչ, ուզում եք վերջին օրերի խորհրդարանի քննարկումների մակարդակին համապատասխան ելո՞ւյթ ունենամ, արտասանե՞մ: Նապաստակ, նապաստակ, ի՞նչ ես նստել ծառի տակ․․․ թողե՛ք, ելույթ եմ ունենում: «Ծիտիկ, ծիտիկ»-ը ձեր խմբակցության պատասխան ելույթում, հույս ունեմ, կհնչի»:

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն, իհարկե, քաղաքական դավադրության մասին հայտարարություններին չարձագանքեց, ինչպես նաև չպատասխանեց իր դղյակի կառուցմանը վերաբերող հարցին: Նա շատ հակիրճ ներկայացրեց 2014-ին կատարված աշխատանքը, ընդգծելով, թե ուսումնասիրել են 11 ոլորտ: Զաքարյանը, սակայն, այդպես էլ հասցեական որևէ ոլորտի մասին չխոսեց, որևէ թիվ չհրապարակեց, ասելով, թե հաշվետվությունը վաղուց խորհրդարանում է և պատգամավորները անձամբ կարող էին դրան ծանոթանալ: Զաքարյանի այս վարքագիծը չվրիպեց պատգամավորների աչքից:

«Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը նկատեց․ - «Իրականում հաշվետվությունները դառել են ինչ-որ չափով անատամ»:

ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանն էլ հավելեց․ - «Ակնհայտ հասկանալի է, որ ճնշում է տեղի ունեցել Վերահսկիչ պալատի նկատմամբ: Եվ սա մտահոգություն է, որ կոծկում, ծածկում են այն խնդիրները, որոնք կուտակված են մեր երկրում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG