Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օրը՝ դեկտեմբերի 6-ին Երևանի Արաբկիրի վարչական տարածքում գտնվող թիվ 4/01 ընտրական տեղամասում որպես դիտորդ գրանցված Ռոմիկ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 16-ից 17-ի սահմաններում, նշված տեղամասում կատարվող իրադարձություններն իր կողմից տեսանկարահանելու ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության և «Օրինաց երկիր» կուսակցության վստահված անձինք բռնություն են գործադրել իր նկատմամբ և խլել իր տեսանկարահանող սարքը: Հետագայում իրեն վերադարձվել է տեսանկարահանող սարքը, սակայն առանց հիշողության քարտի: Վերջիններս իրենց գործողություններով խոչընդոտել են իր կողմից իրականացվող դիտորդական առաքելությանը: Այդ մասին տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ դիտորդի լիազորությունների իրականացմանը բռնությամբ խոչընդոտելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որով սահմանված է ազատազրկում՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Կատարվում է նախաքննություն: