Ստամբուլում դեկտեմբերի 17-ին հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները։
Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո նրանք նշել են, որ երեք երկրների միջև համագործակցության խորացումը նպաստում է նաև տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազն ասել է, որ հանդիպմանն ընդգծվել է եռակողմ և տարածաշրջանային համագործակցության զարգացման կարևորությունը, որը օգուտներ կբերի երեք երկրներին։
«Հիմնականում մենք ուշադրությունը կենտրոնացրել ենք պաշտպանության, անվտանգության և մեր երկրների զինված ուժերի վրա», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Նա հայտնել է, որ երեք կողմերը կարևորել են ռազմական ոլորտում համագործակցության համատեղ հուշագրի ստորագրումը։
Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, ըստ "Грузия Online"-ի, ասել է, թե որոշում է ընդունվել, որ Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները աշխատեն համատեղ վարժանքների և ուսումնական ծրագրերի վրա։ Նրա խոսքով, հանդիպմանը համաձայնության են եկել, որ ժամանակն է, որպեսզի երեք երկրների միջև երկկողմ հարաբերությունները դառնան ավելի ակտիվ, հատուկ և արդյունավետ։
Ըստ APA գործակալության, Թինա Խիդաշելին հայտարարել է, որ երեք երկրների միջև համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Նա նշել է, որ ռազմական անվտանգության ապահովման հարցում Վրաստանի և Ադրբեջանի ապագան, ինչպես և Թուրքիայինը, կապված է ՆԱՏՕ-ի հետ։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշել է, որ տարածաշրջանում հակամարտությունները պետք է լուծվեն տարածքային ամբողջականության և միջազգային նորմերի հենքի վրա։ Նա ասել է, որ Ստամբուլի հանդիպումը ծառայում է տարածաշրջանում խաղաղության ապահովմանը։
«Խաղաղության լիակատար հաստատման համար, մենք պետք է ուժեղ լինենք և որոշ ծրագրեր իրականացնենք տարածաշրջանում։ Այսօր ընդունված կարևոր որոշումները ծառայում են բարեկամական և եղբայրական երեք երկրների զինված ուժերի ամրապնդմանը։ ՆԱՏՕ-ի ծրագրերի շրջանակներում մենք օգտագործում ենք Թուրքիայի և Վրաստանի փորձը։ Տարածաշրջանում անվտանգության ապահովումը համապատասխանում է բոլոր երկրների շահերին», - APA գործակալության փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ տեղեկացնելով, որ հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել Բաքվում։
Ստամբուլում տեղի ունեցած Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը թվով երրորդ եռակողմ հանդիպումն էր։