Մատչելիության հղումներ

Սոցապի Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի պետը ձերբակալվել է` կաշառք ստանալու կասկածանքով


Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի պետ Վարդուհի Գևորգյանը՝ կաշառք վերցնելու կասկածանքով։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ 2015 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված ահազանգի հիման վրա ԱԱԾ-ում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում, դատարանի որոշման հիման վրա, իրականացվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ: Մասնավորապես՝ ձայնագրառվել է քաղաքացու և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Քանաքեռ-Զեյթունի տարածքային բաժնի պետի միջև կաշառք ստանալու պայմանավորվածություն ձեռք բերելու վերաբերյալ խոսակցությունը, ապա՝ քաղաքացուն տրամադրվել հատուկ քիմիական նյութով մշակված 100.000 ՀՀ դրամ գումար, որը վերջինս փոխանցել է Վ. Գևորգյանին: Կաշառք տալու նմանակման օպերատիվ-հետախուզական միջոցառումն ամրագրվել է համապատասխան արձանագրությամբ, համաձայն որի` հատուկ քիմիական նյութով մշակված թղթադրամները հայտնաբերվել են Վ. Գևորգյանի պայուսակում:

Դեպքի առթիվ 2015 թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ դեկտեմբերի 16-ին Վ. Գևորգյանը ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG