Մատչելիության հղումներ

2,4 տոննա կոկաին` Մոլդովայի դրոշ, վրացի կապիտան և թուրք սեփականատեր ունեցող նավում


Ըստ Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սափենի, սա Ֆրանսիայում երբևէ հայտնաբերված թմրանյութի ամենամեծ խմբաքանակն է:

Ֆրանսիայի ծովային սահմանապահները առևտրային մի նավ են ստուգել, որի գաղտնարանում հայտնաբերվել է 2,4 տոննա կոկաին: Հայտնաբերված թմրանյութի գինը սև շուկայում մոտ 50 միլիոն եվրո է: Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սափենն ասել է, որ սա Ֆրանսիաում երբևէ հայտնաբերված թմրանյութի ամենամեծ խմբաքանակն է:

Թեև Carib Palm անվանումը կրող նավը կրում է Մոլդովայի դրոշը, սակայն կապիտանը Վրաստանի քաղաքացի Բադրի Բերիձեն է, անձնակազմի անդամներն ուկրաինացիներ են, իսկ սեփականատերը՝ Թուրքիայի քաղաքացի:

Carib Palm-ը ուղևորվում էր Լեհաստան: Դեկտեմբերի 10-ին, Ֆրանսիայի ծովափնյա տարածքում ֆրանսիացի սահմանապահները կանգնեցրել են նավը, խուզարկել են և գաղտնարանում մեծ քանակի թմրանյութ հայտնաբերել: Նավապետը և նավի անձնակազմի բոլոր անդամները՝ 11 ուկրաինացի և մեկ թուրք, ձերբակալված են:

Նավապետի որդին՝ Գեորգի Բերիձեն այսօր լրագրողներին ասել է, թե իր հայրը ոչինչ չի իմացել թմրանյութի մասին: Գեորգի Բերիձեն պնդել է, որ նավապետը երթուղին կատարել է որպես վարձու աշխատող: Նավի սեփականատերը, որի հեռախոսն այժմ անջատված է, Բադրի Բերիձեի հետ պայմանավորվել է, որ վերջինս Դոմինիկյան Հանրապետությունում թուրքական ընկերության կողմից գնված այդ նավը բերի Թուրքիա: Բայց տեղում հայտնաբերվել են անսարքություններ, և վերանորոգումից հետո նավը Մոլդովայի դրոշի ներքո ուղևորվել է Լեհաստան:

Նավապետը՝ 56-ամյա Բադրի Բերիձեն ծնունդով Բաթումիից է, Վրաստանի քաղաքացի, նավագնացության 22-ամյա աշխատանքի փորձ ունի: «Գրուզիա օնլայն» կայքի փոխանցմամբ՝ Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունից ասել են, որ Ֆրանսիայում Վրաստանի դեսպանությունը տեղյակ է միջադեպից և իրավական օգնություն է ցուցաբերում ձերբակալված նավապետին:

Ֆրանսիայում Վրաստանի հյուպատոսությունն այս խնդրով դիմել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությանը, բայց պաշտոնական պատասխան դեռ չի ստացվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG