Կարապետյանը համաձայնել է քաղաքապետարանի առաջարկած մոտ 4 միլիոն դրամ փոխհատուցմանն ու զիջել է տարածքը՝ պայմանով, որ իր փոքր բիզնեսը մեկ օր անգամ չի կանգնի։
Սակայն, ըստ գործարարի, շինարարները խախտել են պայմանավորվածությունը, և նա ստիպված է եղել այս տարեսկզբից արտադրամասը շահագործել դրա հնարավորության սոսկ 10 տոկոսի չափով։
«Լվացման տեղամասը քանդվել ա, կոյուղին վնասվել ա, 15 տոննա խնձորը թափած, չեմ կարողանում վերամշակել: Քանի անգամ դիմել եմ շինարարին՝ վերականգնեք, տվեք ինձ հնարավորություն աշխատելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կարապետյանը:
Նրա խոսքով, այս տարածքում նախկինում ջրամատակարարում չի եղել։ Դեռ տասնամյակներ առաջ մոտ հարյուր մետր հեռվից՝ իր առանձնատնից, սեփական ուժերով է ջրագիծ անցկացրել, բարեխղճորեն վճարել օգտագործած ջրի դիմաց։
Բանկային մեծ պարտավորություններ ստանձնած գործարարը պնդում է, թե արտադրությամբ զբաղվելու փոխարեն, ամիսներ շարունակ նամակ-դիմումներ է ուղարկում շինարարության պատասխանատուներին՝ Երևանի քաղաքապետարան, ծրագրերի իրականացման գրասենյակ, անգամ շինարարությունը ֆինանսավորող Ասիական զարգացման բանկ։ Սակայն դրանք կա՛մ անպատասխան են մնում, կա՛մ էլ, իր բնորոշմամբ՝ անհիմն պնդումներով պատասխաններ է ստանում։
Դեռ օգոստոսին ծրագրերի իրականացման գրասենյակից վստահեցրել են, թե «պատրաստ են ցանկացած պահի արտադրամասն ապահովել այլընտրանքային ջրագծով»։ Մինչդեռ Վրեժ Կարապետյանը տարակուսանքով հակառակն է պնդում․ - «Պատճառաբանում են, թե՝ մենք ժամկետի մեջ չենք տեղավորվում»:
1997 թվականից ի վեր տարեկան մոտ 2 միլիոն դրամ հարկ վճարող գործարարը մտավախություն ունի, որ բիզնեսը կանգնեցնելուց հետո բանկում գրավադրած տունն էլ կարող է կորցնել:
Գործարարը մտադիր է դիմել դատարան՝ իր բիզնեսը փրկելու և վնասները հետ բերելու հույսով։