Մատչելիության հղումներ

Զուրաբյան․ «Հետապնդելու ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ընտրակեղծարարություն են անում»


Եթե Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ) չհաջողվի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար դիմել Սահմանադրական դատարան, ընդդիմադիր կուսակցությունում չեն համարում, որ ամեն ինչ սպառել են: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Անգամ եթե Սահմանադրական դատարան մտնելը չհաջողվի, մենք սա կհամարենք գոնե մեր խղճի տեսակետից մեր պարտքը կատարված, ինչպես նաև այն պատգամավորների խղճի տեսակետից, ովքեր ստորագրել են դա, բոլորի պարտքը մենք կհամարենք կատարված, բայց հիմա կան բազմաթիվ հարցեր, որ շարունակելու ենք հետապնդել», - ասաց Զուրաբյանը:

Նա նշեց, որ, օրինակ, պատրաստվում է կեղծված արձանագրություններ հրապարակել․ - «Էդ ամեն մի կեղծված արձանագրության համար պետք է լինի պատասխանատու, չէ՞, ինչ-որ մարդիկ կան, որ պետք է գնան բանտ նստեն՝ ընտրական փաստաթղթերը կեղծելու պատճառով»:

«Մենք բազմաթիվ հաղորդումներ ունենք, որ մարդիկ հանցագործություններ են կատարել», - ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը՝ շարունակելով․ - «Հիմա ամերիկյան դեսպանատունը հայտարարություն է անում, որ ընտրակեղծարարներին հաշվի կառնեն իրենց տարբեր գործողություններում, լավ, դա անելու է Ամերիկայի Միացյալ Նահանգները, բա մե՞նք, մեր պետությո՞ւնը, մենք դա չենք անելո՞ւ»:

«Այսինքն, հետևողական ենք լինելու, որպեսզի այդ քրեական գործերը ավարտին հասցվեն», - այս դիտարկմանը Լևոն Զուրաբյանը արձագանքեց․ - «Այո, մենք ունենալու ենք մե՛ր սև ցուցակները, մենք հետապնդելու ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ընտրակեղծարարություն են անում, որովհետև սա աններելի արարք է, սա աններելի հանցագործություն է, սա սեփական ազգի պղծման գործ է, սա աններելի բան է, այ էդ որակի հանցագործություն է և ներման ենթակա չի»:

«Ազատություն TV»-ի եթերում Զուրաբյանը նաև ցույց տվեց, իր հավաստմամբ, Արաբկիրի 5/38 ընտրատեղամասի արձանագրության բնօրինակը, որտեղ «պարզ երևում է, ստորագրված, կնքված,որ «այո»-ն ստացել է այստեղ 343 քվեաթերթիկ, իսկ «ոչ»-ը՝ 421, և ահա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված տվյալները՝ «այո»-ն՝ 343-ի փոխարեն գրված է 1155, իսկ «ոչ»-ի 421-ի փոխարեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է 92․ «այո»-ն ավելացվել է 812-ով, «ոչ»-ը 329-ով պակասեցվել է»: «Սա մի տեղամասում», - ընդգծեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը՝ հայտարարելով․ - «Պարզվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է կեղծված արձանագրություններ»:

Հիշեցնենք, Սահմանադրական դատարան դիմելու համար ՀԱԿ-ը պետք է հավաքի առնվազն 27 պատգամավորի ստորագրություն: Երեկվա դրությամբ, խորհրդարանականներից ընդամենը 12-ն էին ստորագրել համապատասխան ձևաթերթիկը:

XS
SM
MD
LG