Մատչելիության հղումներ

39/39 տեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար մեղադրանք է առաջադրվել


Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը ընտրատեղամասերից մեկում, 6-ը դեկտեմբերի, 2015թ․
Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քվեարկությունը ընտրատեղամասերից մեկում, 6-ը դեկտեմբերի, 2015թ․

Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նույն մարզի բնակիչ Վ. Ստեփանյանին՝ թիվ 39/39 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու համար։

«Նախաքննությամբ պարզվել է, որ Վայոց ձոր մարզի բնակիչ Վ. Ստեփանյանը 2015 թ. դեկտեմբերի 6-ին՝ ժամը 11-ի սահմաններում, թիվ 39/39 ընտրատեղամասում քվեարկելով մասնակցել է ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեին, որից հետո նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, կրկին գնացել է նույն ընտրատեղամաս և քվեարկել եղբոր փոխարեն։ Նշված հանգամանքը հայտնաբերվել է ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Կարինե Հաբեթյանի կողմից, ինչի մասին հաղորդում է ներկայացվել ոստիկանության Վայքի բաժնում», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Փաստի առթիվ քրեական գործը, հիշեցնենք, հարուցվել է նույն օրը՝ Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով, որը մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար սահմանում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Դեկտեմբերի 8-ին Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ երեկ մեղադրանք է առաջադրվել վերոհիշյալ հոդվածով։ Նա իրեն մեղավոր է ճանաչել լիովին և տվել ցուցմունքներ, ասված է հաղորդագրությունում:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG