Մատչելիության հղումներ

Աշակերտները պահանջում են դպրոց վերադարձնել իրենց ուսուցչին


Երիտասարդ ուսուցիչ Կարպիս Փաշոյանը
Երիտասարդ ուսուցիչ Կարպիս Փաշոյանը

Մինչ երիտասարդ ուսուցիչը շարունակում է պնդել, որ աշխատանքը կորցրել է ընդդիմադիր քաղաքական հայացքների համար, դպրոցի փոխտնօրեն Սուսաննա Համբարյանի խոսքով՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից հեռացած ուսուցիչն անհարգելի բացականեր էր կուտակել:

Երևանի թիվ 145 դպրոցի աշակերտները հետ են կանչում ընդդիմադիր հայացքների համար աշխատանքից ազատված պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանին: Աշակերտները, որոնք ուզում էին տեսախցիկների առջև բարձրաձայնել իրենց ցանկությունը, չէին կարողանում դասերի ավարտից հետո դուրս գալ դպրոցից․ ելումուտը հսկող տիկնայք դուռը ներսից կողպել էին:

Երեխաները համաձայնեցին լրագրողների հետ խոսել միայն դպրոցից քիչ հեռու: Ասացին, որ չեն ուզում մեծերի քաղաքական հայացքների պատճառով կորցնել իրենց ավագ ընկերոջն ու ուսուցչին: Պատմություն առարկան չսիրողներն անգամ այսօր մեկ մարդու պես պնդում էին՝ իրենց ոչ ոք չի կարող ճնշել, ու պայքարելու են այնքան, մինչև Կարպիս Փաշոյանն աշխատանքի վերադառնա:

«Երբ ընկեր Փաշոյանը եկավ, լրիվ փոխեց մեր տեսակետերը: Բոլորը համարյա սկսեցին պատմություն սիրել», - ասաց երեխաներից մեկը:

«Իրանից սովորել ենք մարդ լինել ու պաշտպանել մեր իրավունքները», - հավելեց մյուսը:

Մինչ Կարպիս Փաշոյանի նախկին գործընկերները շարունակում են նրա ֆեյսբուքյան էջում մեղադրական գրառումներ թողնել, աշակերտները ոգևորվածությամբ սատարում են 24-ամյա ուսուցչին ու պնդում՝ իրենց գրառումների համար դպրոցից նախազգուշացումներ են ստացել․ - «Մեզ ասում էին, որ մեր էջերից ջնջենք այդ մեկնաբանությունները, բայց մենք չենք ջնջելու»:

Մինչ երիտասարդ ուսուցիչը շարունակում է պնդել, որ աշխատանքը կորցրել է ընդդիմադիր քաղաքական հայացքների համար, դպրոցի փոխտնօրեն Սուսաննա Համբարյանի խոսքով՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից հեռացած ուսուցիչն անհարգելի բացականեր էր կուտակել, ուշացումների պատճառով մյուս ուսուցիչները ստիպված են եղել փոխարինել նրան: Աշակերտները, սակայն, հակառակն են պնդում:

Հարցին, թե ինչու չեն համընկնում երեխաների և իր կարծիքները, Համբարյանը պատասխանեց․ - «Միգուցե ինքը երեխաների հետ ուրի՞շ ձևով ա խոսում, որը իրենց հաճելի՞ ա: Դեռ շատ ու շատ բաներ կա, որ ինքը դեռ պիտի սովորի և հասկանա»:

Կարպիս Փաշոյանը պնդում էր, որ դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանը, ով Հանրապետական կուսակցության անդամ է և դեկտեմբերի 6-ին դպրոցում տեղակայված ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահն էր, դասղեկներին հրահանգել է ծնողներին համոզել, որ «այո» քվեարկեն:

Փոխտնօրեն Համբարյանն այսօր հորդորեց բոլոր կուսակցություններին հեռու պահել դպրոցները քաղաքականությունից․ - «Սա գուցե նաև ազդակ էր, որ մտածեն, որ գուցե հետագայում ուղղակի չներգրավվեն դպրոցները, մանկավարժներին էս ամեն ինչի մեջ, որովհետև ակամայից բոլորի մոտ էն տպավորությունն ա, որ, ասենք, եթե մանկավարժը կամ դպրոցի տնօրենը հանձնաժողովի նախագահն ա, ինքը անպայման քաղաքականությամբ ա զբաղվում: Բոլորին եմ դիմում, այո, նաև իրենց [Հանրապետական կուսակցությանը]»:

Թիվ 145 դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանն այսօր էլ չընդունեց լրագրողներին: Մեր զանգերը երկու օր շարունակ անպատասխան թողեց նաև դպրոցի վերադասը՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG