Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)-ն հայկական և ադրբեջանական կողմերին է հանձնել անհայտ կորածների համալրված ցուցակ, որը պարունակում է 4496 անձանց անուններ։
«Հրադադարի պայմանագրից ավելի քան 20 տարի անց ընտանիքները դեռ չգիտեն, թե ինչ է տեղի ունեցել ղարաբաղյան հակամարտության ընթացքում իրենց անհայտ կորած հարազատների հետ: Ի աջակցություն պատասխաններ գտնելու ջանքերին՝ ԿԽՄԿ-ն հակամարտության կողմերին է հանձնել անհայտ կորածների համալրված ցուցակ։ Այս ցուցակը պարունակում է 4496 անհայտ կորած անձանց անուններ, որոնք գրանցվել են Երևանում և Բաքվում գործող ԿԽՄԿ պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում՝ առաքելության կողմից», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։
ԿՄԽԿ-ն տեղեկացնում է, որ ցուցակի նախորդ տարբերակը հանձնվել է 2004 թվականին, որից հետո ԿԽՄԿ-ն շարունակել է սերտորեն աշխատել Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովների և անհայտ կորածների ընտանիքների հետ՝ «գրանցելով և հստակեցնելով զինված հակամարտության ընթացքում անհայտ կորած անձանց գործերը»։
«Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի` հակամարտող կողմերը պետք է անեն ամեն հնարավորը անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզաբանելու ուղղությամբ։ ԿԽՄԿ-ն հավատացած է, որ ցուցակի նորացված տարբերակը կօգնի իշխանություններին համախմբել տեղեկատվությունը և ակտիվացնել իրենց ջանքերը այս նպատակի շուրջ։ Որպես չեզոք, անկողմնակալ և անկախ մարդասիրական կազմակերպություն և կատարելով չեզոք միջնորդի իր դերը՝ ԿԽՄԿ-ն շարունակելու է հակամարտության կողմերին տրամադրել իր փորձագիտական աջակցությունը», - ասված է հաղորդագրությունում։