Մատչելիության հղումներ

Լատվիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցում


Լատվիացի սահմանապահները հսկողություն են իրականացնում ռուս-լատվիական սահմանին, արխիվ
Լատվիացի սահմանապահները հսկողություն են իրականացնում ռուս-լատվիական սահմանին, արխիվ

Միայն 2015-ին 500 մարդ փորձել է անօրինական ճանապարհով հատել ռուս-լատվիական սահմանը։

Լատվիան Ռուսաստանի հետ սահմանին արգելապատնեշ է կառուցում՝ անօրինական միգրանտների մուտքը կանխելու համար։ Պարսպի կառուցման աշխատանքները մեկնարկել են դեկտեմբերի 14-ին։

Լատվիայի ներքին գործերի նախարարության պետական սահմանապահ զորքերի պետ, գնդապետ Նորմունդս Գարբարսը, վկայակոչելով պաշտոնական տվյալները, հայտարարել է, որ միայն այս տարի 500 մարդ փորձել է անօրինական ճանապարհով հատել ռուս-լատվիական սահմանը։

«Առաջին փուլում պարիսպ կկառուցվի սահմանի այն հատվածում, որն ավելի բարդ է վերահսկել։ Ընդհանուր առմամբ, պարսպի երկարությունը կկազմի մոտավորապես 90 կիլոմետր», - ասել է Գարբասը։

Լատվիական TV3 հեռուստաընկերության փոխանցմամբ, արգելապատնեշն անօգուտ է, քանի որ յուրաքանչյուր կիլոմետրում 100 մետր բաց հատված է մնալու՝ կենդանիների ազատ տեղաշարժն ապահովելու համար:

Լատվիայի վարչապետ Լայմդոտա Ստրաույուման ավելի վաղ հայտարարել էր, որ հետագայում նախատեսվում է պատնեշ կառուցել նաև Բելառուսի հետ սահմանին:

Էստոնիան նույնպես հայտարարել է Ռուսաստանի հետ սահմանին մոտ չորս մետր բարձրությամբ պատնեշ կառուցելու մասին։ Երեկ Էստոնիայի ներքին գործերի նախարարությունը նաև հայտարարել է, որ կես միլիոն եվրո է հատկացրել՝ տեսախցիկով անօդաչու թռչող սարքեր գնելու համար, որոնք նախատեսված են ռուս-էստոնական սահմանին սահմանախախտման դեպքերն արձանագրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG