Մատչելիության հղումներ

Փաստաբանը կալանավորվել է խարդախության և կաշառք տալու դրդչության մեղադրանքներով


Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստաբանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով խարդախության և քրեական գործով դատաքննության ընթացքում խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչության համար։

«Սյունիքի մարզի 46-ամյա բնակչուհուց դեկտեմբերի 9-ին գրավոր հաղորդում է ստացվել, որ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող իր որդուն ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու համար կաշառք տալու պատրվակով փաստաբանը պահանջել է գումար։ Ըստ դիմումատուի՝ 2015 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փաստաբանն իրենից պահանջել և ստացել է ընդհանուր առմամբ 1 միլիոն դրամ գումար՝ համապատասխան պաշտոնատար անձանց՝ դատախազին և դատավորին, կաշառք տալու համար, սակայն խարդախությամբ նշված գումարը հափշտակել է: Քաղաքացու հաղորդման հիման վրա 2015թ. դեկտեմբերի 9-ին հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում», - ասված է Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ երեկ փաստաբանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-38-312-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, փոխանցում է Քննչական կոմիտեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG