Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել ազգային անվտանգության նախարարությունը լուծարելու և դրա հիման վրա երկու կառույց՝ Անվտանգության պետական ծառայություն ու Արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելու մասին: Այդ մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջը:
Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են նաև, որ Ալիևի կարգադրություններով՝ Անվտանգության պետական ծառայության պետ է նշանակվել Մադաթ Գուլիևը, Արտաքին հետախուզության ծառայության պետ՝ Օրհան Սուլթանովը:
Հիշեցնենք, մոտ երկու ամիս առաջ Ադրբեջանի նախագահը պաշտոնանկ արեց ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովին և շուրջ մեկ տասնյակ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, կալանավորվեցին համակարգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, օրերս էլ նախարարությունից հեռացվեցին 250 աշխատողներ: