Մատչելիության հղումներ

«Հայկական վերածնունդ»-ի փարիզյան հանձնախումբը իր աջակցությունն է հայտնում «Նոր Հայաստան»-ին


Շանթ Ոսկերչյան, արխիվ
Շանթ Ոսկերչյան, արխիվ

«Հայկական վերածնունդ» կազմակերպության փարիզյան հանձնախումբը կոչ է արել Ֆրանսիայի հայերին համախմբվել այսօր Հայաստանի դեսպանատան առջև՝ ի աջակցություն սահմանադրական հանրաքվեի արդյունքների դեմ բողոքող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի:

«Սփյուռքը չպետք է անտարբեր մնա ընտրական կեղծիքին: Իր լռությամբ նա հավանություն է տալիս այդ իրավիճակին, որը մեր ժողովրդին անզոր է դարձնում՝ կարգը փոխելու հանդեպ»,- մամուլում հրապարակված իր հատուկ հաղորդագրության մեջ գրել է «Հայկական վերածնունդ»-ը:

Կազմակերպության Ֆրանսիայի մասնաճյուղի ղեկավար Շանթ Ոսկերչյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Հիմնվելով անկախ դիտորդների և ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից արձանագրած բազմաթիվ խախտումների վրա՝ ես գտնում եմ, և ինձ հետ միասին՝ ողջ «Հայկական վերածնունդ» շարժումը, որ հանրաքվեն կեղծվել է, հետևաբար՝ ընդունված սահմանադրական փոփոխությունները զուրկ են լեգիտիմությունից»:

«Առկա են բազմաթիվ փաստեր, որ իշխանությունները սխեմատիկ կերպով կիրառել են կեղծիքների ամբողջ զինանոց՝ գիտակցելով, որ առանց լայնամասշտաբ կեղծիքների սահմանադրական փոփոխությունները կմերժվեին ընտրողների ճնշող մեծամասնության կողմից: Գործի են դրվել ընտրախախտումների բոլոր տեսակները՝ հաճախ անթաքույց ձևով՝ լցոնումներ, ընտրակաշառք, պետական ռեսուրսների օգտագործում, տեղամասերում մարդկանց կուտակումներ, քրեական տարրերի ներգրավում, կրկնակի քվեարկություն, այլ անձանց փոխարեն քվեարկություն, լրագրողների, վստահված անձանց, դիտորդների և հանձնաժողովների անդամների ահաբեկում և նրանց նկատմամբ բռնության կիրառում»:

«Հատկանշական է նաև կեղծիքների մեկ այլ կարևոր գործիք, այն է՝ ընտրողների ուռճացված ցուցակները: Այդ ցուցակներում տեղ էին գտել մահացած մարդիկ, ինչպես նաև՝ հանրապետությունից բացակայող հարյուր հազարավոր քաղաքացիներ: Այդ հանգամանքը, որ քվեարկողների ցուցակները չեն հրապարակվել, իշխանություններին լայն հնարավորություն է ընձեռել մեծ թվով կեղծ քվեներ գրանցել իրենց օգտին»:

«Այս երևույթը հատկապես ցավալի է «Հայկական վերածնունդ»-ի բազմաթիվ անդամների, ինչպես նաև՝ Սփյուռքում բնակվող շատ հայրենակիցների համար, որոնք, լինելով Հայաստանի քաղաքացիներ, սակայն զանազան պատճառներով, հանգամանքների բերումով ստիպված լինելով ապրել արտերկրում, Հայաստանի Հանրապետության իշխանությունների որոշմամբ զրկված են իրենց բնակության վայրերում քվեարկելու իրավունքից: Սա անընդունելի է»:

«Սփյուռքում բնակվող Հայաստանի քաղաքացիների անունից ես և «Հայկական վերածնունդ» շարժումը մեր զայրույթն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության հանցավոր իշխանավորներին առ այն, որ նրանք ոչ միայն մեզ զրկել են ընտրելու իրավունքից, այլ նաև անօրեն և լկտիորեն օգտագործել են մեր ձայները իրենց ապօրինի իշխանությունը երկարաձգելու նպատակով», - եզրափակեց Շանթ Ոսկերչյանը:

XS
SM
MD
LG