Մատչելիության հղումներ

Շարմազանով. Ադրբեջանը չի հրաժարվում հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարից


Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 11-ին Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդարանում հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել Արգենտինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի և Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, Հայ կաթողիկե եկեղեցու Հարավային Ամերիկայի թեմի առաջնորդ Վարդան եպիսկոպոս Պողոսյանը, Արգենտինայի հայոց թեմի հոգևոր սպասավոր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը, թեմական խորհրդի և հայ կենտրոնի ատենապետ Ալբերտո Ճերեճյանը, արգենտինահայ համայնքի մի շարք հաստատությունների, կազմակերպությունների, կուսակցությունների և միությունների ներկայացուցիչներ:

Հանդիպմանն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդես է եկել ելույթով, որում խոսել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին, նաև անդրադարձել ղարաբաղյան շփման գծում վերջին օրերի լարվածությանը։

«Ցավոք, վերջին օրերին մենք ունեցանք անդառնալի կորուստներ. հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհվեց երկու զինծառայող: Այս իրադարձությունները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը չի հրաժարվում Արցախյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու գաղափարից: Մենք Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից ենք և, որպես Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, վերահաստատում ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում. դա է Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը: Թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում մենք պետք է սատար լինենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդումը»,- ասել է նա։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Շարմազանովն ասել է՝ Հայաստանը շնորհակալ է բարեկամ Արգենտինային, որ ընդունել և օրենքի ուժով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

«Աշխարհը պետք է դատապարտի ոճրագործներին, ինչպես նաև պայքարի թուրքական ժխտողականության դեմ, քանի որ ցեղասպանության ժխտումը նույնքան հանցավոր է, որքան ցեղասպանության իրականացումը: Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Վատիկանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ իրավացիորեն նշեց. «Հայոց ցեղասպանության 100-ամյակը հիշելը պարտադիր է, որովհետև որտեղ հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը, իսկ թաքցնել հանցանքը նշանակում է թողնել, որ վերքն արնահոսի»,- ասել է Շարմազանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG