Մատչելիության հղումներ

Լույս է տեսել Հրաչյա Հովհաննիսյանի կյանքն ու գործն ամփոփող «Հուշարձան» ժողովածուն


Բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյան
Բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյան

«Հուշարձան» խորագիրն է կրում անվանի բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի կյանքն ու գործն ամփոփող ստվարածավալ՝ մոտ հազար էջանոց ժողովածուն, որը հրատարակել է և օրերս Գրողների միությունում շնորհանդեսի էր ներկայացրել Հովհաննիսյանի որդին՝ բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը։

«Այս գիրքը իմ երկար տարիների վաղեմի փայփայած երազանքն է եղել՝ հորս անժամանակ մահից հետո մանավանդ, պատրաստել համապարփակ մի ժողովածու, որը գոնե մոտավոր, բայց ամբողջական տպավորություն կտար Հրաչյա Հովհաննիսյան գրողի, հասարակական գործչի, բանաստեղծի, կյանքի մարդու, հայի մասին»,- «Ազատության» հետ զրույցում շեշտում էր Դավիթ Հովհաննեսը։

Դավիթ Հովհաննեսը իրականացրել է երազանքը և անցյալ տարի հրատարակել ժողովածուն, բայց այս տարի լրամշակելով վերահրատարակել է և ներկայացրել ընթերցողի ու գրական հանրության դատին։

«Հուշարձան» ժողովածուն իր մեջ է ներառել ոչ միայն Հրաչյա Հովհաննիսյանի պոեզիայի, արձակի և հրապարակախոսության լավագույն հատվածներ, այլ նաև իր ժամանակի գրականագետների և գրաքննադատների հոդվածները՝ Հովհաննիսյանի ստեղծագործության այս կամ այն ժամանակահատվածի հետ կապված, նաև՝ հուշեր, մատենագիտական նյութեր, լուսանկարներ։ Ժողովածուն բացվում է Դավիթ Հովհաննեսի խոսքով և Ռայա Խասապետյանի ընդարձակ վերլուծությամբ։

Դավիթ Հովհաննեսը վստահ է, որ ժողովածուն մեծ հետաքրքրություն է առաջացնելու թե՛ իր հորը ճանաչողների, թե՛ գրական հանրության շրջանակներում, որովհետև մի ողջ էպոխա է ներկայացնում՝ սկսած բանաստեղծի ծննդյան՝ 1915 թվականից, մինչև նրա եղերական վախճանը՝ 1997 թվականը, երբ Հովհաննիսյանը դուրս եկավ Աբովյան փողոցի վրա գտնվող Դերենիկ Դեմիճյանի տուն-թանգարանից, ուր հրավիրվել էր մասնակցելու Դեմիրճյանի ստեղծագործությանը նվիրված գրական ցերեկույթի, որից հետո քայլելով իջավ ընդամենը մեկ խաչմերուկ ու վրաերթի ենթարկվեց մինչև օրս անհայտ մի վարորդի կողմից։

Ինչպես շնորհանդեսին շեշտում էր Գրողների միության քարտուղար Ղուկաս Սիրունյանը, այս գիրքը միայն մեկ մարդու մասին չէ։ «Սա գիրք է, որ վերաբերում է մի ամբողջ դարաշրջանի՝ 30-ական թվականներից մինչև 99-ի վերջերը։ Սա մի գիրք է, որ պետք է բոլորիս, և բոլորս պիտի սա կարդանք պարզապես։ Բաներ կան, պարզվում է, բացվում են, բացահայտվում են այս գրքի շնորհիվ, և մեզ՝ իբրև գրքի, մտքի մարդկանց, պետք է, որ դառնա մեր կյանքի ուղեկիցը»,- ասում էր Սիրունյանը։

«Հրաչյա Հովհաննիսյանի հիշատակը կա, ապրում է մարդը, չի մարել հետաքրքրությունը նրա հանդեպ։ Այս գիրքը գալիս է ավելի խթանելու այդ հետաքրքրությունը, ավելի լավ պատկերացում տալու համար հատկապես այսօրվա երիտասարդ ընթերցողին, գրասերին Հրաչյա Հովհաննիսյան մարդու և բանաստեղծի մասին»,- ընդգծեց Դավիթ Հովհաննեսը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG