Մատչելիության հղումներ

Ըստ Նաղդալյանի՝ վերահաշվարկը վերջնական արդյունքի վրա էապես չի ազդի


Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյան, արխիվ
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյան, արխիվ

Այս հանրաքվեի ընթացքում կոտրվեց կարծրատիպը, թե խախտումները միայն իշխանություններն են անում, ասում է հանրապետական գործիչը:

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների վերահաշվարկի գործընթացը, Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Հերմինե Նաղդալյանի կարծիքով, վերջնական արդյունքի վրա էական ազդեցություն չի ունենա։

Իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի՝ հինգշաբթի ուշ երեկոյան ավարտված նիստից հետո Նաղդալյանը հայտարարեց՝ հենց դա է պատճառը, որ նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում նոր Սահմանադրությունը Հայաստանի համար արդեն իրականություն է համարել։

«Թվերը, որ ունենք՝ թե՛ մասնակցության իմաստով և թե՛ «այո»-ի և «ոչ»-ի տարբերության իմաստով, այնքան խոսուն են և այնքան մեծ է տարբերությունը, որ քաջ իմանալով բողոքների քանակը, ծավալը այն քվեների, որ կարող են, ամենավատթարագույն պարագաներում անգամ, փոփոխման ենթարկվել, պարզ երևում էր, որ դա էական ազդեցություն արդյունքի վրա ունենալ չէր կարող», - պնդեց Ազգային ժողովի փոխխոսնակը:

Այսօր վերահաշվարկի վերջին օրն է, այն կավարտվի կեսօրից հետո։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) պատրաստվում է հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու դիմում ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որին, ըստ ՀԱԿ-ի ղեկավարների, կցվելու են նաև խախտումների մասին բազմաթիվ ապացույցներ։ Իշխող Հանրապետականում, մինչդեռ, պնդում են, որ նախկին ընտրական գործընթացների համեմատ այս անգամ տարբերությունը դեպի դրական ակնառու էր։

«Կարծում եմ, վստահաբար բոլորդ կարող եք ասել, որ պատմության գիրկն են անցնում բազմաթիվ թերություններ, բազմաթիվ, ուրեմն, միջադեպեր, բազմաթիվ դրամատիկ, խառը, աժիոտաժային իրավիճակներ, որոնք մենք հիշում ենք այս 20 տարիների ընթացքում, նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում, և շատ լավ է, որ պատմության գիրկն են անցնում, և սրա համար մենք հետևողական աշխատանք ենք կատարում և մեր հանձնառությունը մենք շարունակելու ենք նաև ապագայում», - ասաց հանրապետական գործիչը:

Նաղդալյանը ընդունում է՝ խախտումներ եղել են, բայց, ըստ նրա, այս հանրաքվեի ընթացքում կոտրվեց այն կարծրատիպը, թե խախտումները միայն իշխանություններն են անում։ Բազմաթիվ վերահաշվարկի դիմումներ նաև հանրապետականներն են ներկայացրել, քանի որ չնայած «այո»-ի հաղթանակին, ըստ բարձրաստիճան հանրապետականի, իրենք խախտումները չպետք է թաքցնեն։

«Կարևոր է ոչ միայն այն, որ մենք հետաքննենք, պատժենք մեղավորներին, հստակեցնենք հիմքերը, ճիշտ արդյունքները ունենանք, այլ նաև կարևոր է, որ մենք ոչ միայն մեր խոսքերով, այլև մեր գործողություններով ցույց տանք այն քաղաքական կամքը և այն հանձնառությունը, որի մասին ասել ենք», - հայտարարեց Հերմինե Նաղդալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG