Մատչելիության հղումներ

TIME-ը տարվա մարդ ճանաչեց Անգելա Մերկելին


Անգելա Մերկելի դիմանկարը TIME-ի շապիկին, 9-ը դեկտեմբերի, 2015թ.
Անգելա Մերկելի դիմանկարը TIME-ի շապիկին, 9-ը դեկտեմբերի, 2015թ.

Ամերիկյան TIME հանդեսը «Տարվա մարդ» հռչակեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ով, ըստ պարբերականի, կարողացել է դիմակայել ամենալուրջ մարտահրավերներին, այդ թվում՝ Եվրոպայում առաջացած փախստականների ճգնաժամին, ամբողջ Եվրոպայի անվտանգությանը սպառնացող փարիզյան ահաբեկչություններին, հունական վարկային ճգնաժամին։

Անգելա Մերկելը դարձավ առաջին կինը, ով TIME-ի կողմից տարվա մարդ է հռչակվում 29 տարվա դադարից հետո։ Նա չորրորդ կինն է, ով արժանանում է այս տիտղոսին։

TIME-ի՝ նախօրեին հրապարակված խմբագրականի համաձայն, աշխարհում մեծությամբ չորրորդ տնտեսությունը ղեկավարող Անգելա Մերկելը Եվրոպայի ամենաազդեցիկ առաջնորդն է։ Նա Գերմանիայի կառավարությունը ղեկավարում է արդեն 10-րդ տարին։

Մերկելը 2005 թվականին դարձել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմության մեջ ամենաերիտասարդ կանցլերը, նախարարների կաբինետի առաջին կին ղեկավարը և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունից առաջին քաղաքական գործիչն է, ում հաջողվել է նման բարձր պետական պաշտոն զբաղեցնել։

«Անգելա Մերկելը կարողացել է ուշադրության կենտրոնում հայտնվել իր այլ արժեհամակարգով՝ մեծահոգության, առատաձեռնության և համբերության շնորհիվ։ Այդպիսով ցույց տալով, որ հսկա Գերմանիաները կարող են օգտագործվել ոչ թե ոչնչացնելու, այլ փրկելու համար», - գրում է ամերիկյան պարբերականը։

Ամբողջ տարվա ընթացքում Մերկելը եղել է քաղաքական և տնտեսական ամենաառանցքային իրադարձությունների կենտրոնում՝ ընդունելով վճռական որոշումներ, միևնույն ժամանակ ենթարկվելով ամենակոշտ քննադատության, առաջին հերթին՝ փախստականների ճգնաժամի պատճառով։

TIME-ը հիշեցնում է, որ Հունաստանի շուրջ ստեղծված տնտեսական իրավիճակը նույնպես կարգավորվեց Մերկելի շնորհիվ։

«Հունական ճգնաժամը կասկածի տակ էր դնում եվրոյի գոտու ապագան», - գրում է ամսագիրը՝ շարունակելով. - «Գերմանիային հաջողվեց այդ իրավիճակում համբերություն և տոկունություն դրսևորել»։

Կանցլեր Մերկելն առայժմ չի մեկնաբանել իրեն տարվա մարդ հռչակելու մասին տեղեկությունը։ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը Բեռլինում ասուլիսի ժամանակ այդ մասին հարցին պատասխանել է, որ չի կարող կանցլերի փոխարեն մեկնաբանել, բայց ենթադրում է, որ նա այդ տիտղոսը կընդունի որպես խթան իր հետագա գործունեության համար։

TIME-ի նախապես հրապարակված ցանկի համաձայն՝ 2015 թվականի «Տարվա մարդ» տիտղոսին հավակնում էին նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Միացյալ Նահանգների նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածուն դառնալու համար պայքարող միլիարդատեր Դոնալդ Թրամփը, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին։

TIME-ը «Տարվա մարդ» տիտղոս է շնորհում 1927 թվականից՝ տարվա իրադարձությունների վրա ազդեցություն թողած անհատներին, նույնիսկ երևույթներին կամ հավաքական կերպարներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG