Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ «Ժառանգություն» անդամ Հրայր Մանուկյանի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով և կատարվել են մի խումբ անձանց կողմից)։
Քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն:
ՀՔԾ-ն մանրամասնում է, որ Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի թիվ 93 դպրոցում տեղակայված թիվ 5/01 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանը հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 21:30-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում, նույն ընտրատեղամասում՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում, իր լիազորությունների իրականացմանը խոչընդոտել են նույն հանձնաժողովի հանրապետական կուսակցության անդամները, որը զուգորդվել է իր նկատմամբ բռնության գործադրմամբ: