Թեև արդեն տևական ժամանակ է՝ դոլարն արժե շուրջ 70 ռուբլի, իսկ նավթի գինը իջել է 40 դոլարից, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր հայտարարել է, որ կառավարության հակաճգնաժամային ծրագիրն իր դրական արդյունքներն է տալիս և եկող տարի Ռուսաստանի տնտեսությունը աճ է գրանցելու։
«Մենք ելնելու ենք այն հանգամանքից, որ եկող տարի աճելու ենք»,- այսօր ասել է Մեդվեդևը՝ ռուսական մի շարք լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։
2008-ից ի վեր սա Մեդվեդևի առաջին նման ձևաչափով հանդիպումն էր լրագրողների հետ ուղիղ եթերում։ Ռուսաստանի վարչապետն այսօր նաև հայտարարել է, որ եթե հանկարծ նավթի գինն էլ ավելի նվազի, հոգ չէ, Մոսկվան ունի պլան B և պլան C:
Մինչդեռ փորձագետներն ահազանգում են՝ պահուստային ֆոնդը դատարկվելու միտում ունի։ ՌԴ ֆինանսների նախարարության տվյալներով՝ պահուստային ֆոնդում այսօրվա դրությամբ մնացել է 4.23 տրիլիոն ռուբլի, ինչը մոտ 65 միլիարդ դոլար է կազմում, իսկ Ազգային բարեկեցության հիմնադրամում մնացել է 73 միլիարդ դոլար։ Եթե նավթի գինը մնա այսօրվա սահմաններում, Ռուսաստանը իր պահեստային գումարները կսպառի արդեն 2018 թվականին։
ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի խոսքով՝ արդեն եկող տարի Ռուսաստանը ստիպված է լինելու օգտագործել պահեստային ֆոնդի մի զգալի մասը, քանի որ նավթի գինը ավելի ցածր է, քան նախատեսված է ՌԴ 2016-ի բյուջեում։
Նկատելի է նաև, որ վերջին շրջանում Ռուսաստանի նախագահ Պուտինը զբաղված է մեծամասամբ արտաքին քաղաքականությամբ և չի խոսում տնտեսությունից կամ դրան թռուցիկ է անդրադառնում։
Այսօր Մեդվեդևն ասել է, թե տնտեսությունը, թե ռուբլին ուղղակիորեն կապված են նավթի գնի հետ, իսկ նավթի գինը աճելու միտումներ չունի, փաստում են փորձագետները։ Հակառակը՝ նավթ արտադրող երկրները որոշել են ավելացնել նավթի արտահանումը և սպասվում է, որ գինը կնվազի ևս 10 տոկոսով։
Ռուսաստանցի անկախ վերլուծաբանները չեն բացառում, որ եկող տարի դոլարը կարժենա մոտ 100 ռուբլի։