Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենը, ով այցելել է Ուկրաինա, ելույթ ունենալով Գերագույն Ռադայում, Արևմուտքի անունից ուժեղ աջակցություն է հայտնել Ուկրաինային։ Նա ասել է, որ Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Ռուսաստանի վրա, եթե Մոսկվան շարունակի ագրեսիան Կիևի դեմ։ Նա Ռուսաստանին մեղադրեց Ուկրաինայի տարածքը՝ Ղրիմը բռնազավթելու մեջ։
«21-րդ դարում երկրները չեն կարող, և մենք չենք կարող նրանց թույլ տալ, որ սահմանները վերաձևեն ուժով, սա հիմնարար օրենք է, բայց Ռուսաստանը խախտել է այս հիմնարար օրենքը և շարունակում է խախտել։ Այսօր Ռուսաստանը օկուպացրել է ինքնիշխան Ուկրաինայի տարածքը», - ասել է Բայդենը շարունակելով. - «Թույլ տվեք բացարձակապես հստակ լինել՝ Միացյալ Նահանգները չի ճանաչել, չի ճանաչում և երբեք չի ճանաչի Ռուսաստանի փորձը՝ բռնակցելու Ղրիմը»։
ԱՄՆ-ի փոխնախագահը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի ռուս անջատականներին զենք-զինամթերքով և զինվորներով աջակցելու համար։
«Ռուսաստանը շարունակում է իր բանդիտներին, իր զորքերին, իր վարձկաններին ուղարկել սահմանի մյուս կողմը։ Ռուսական տանկերը և հրթիռները մինչև հիմա լիքն են Դոնբասում, անջատական ուժերը կազմավորվել են, ղեկավարվում են և ուղղորդվում են Մոսկվայից», - հայտարարել է նա։
Բայդենը նաև հավաստիացրել է, որ Արևմուտքը և Միացյալ Նահանգները կշարունակեն ճնշումը Ռուսաստանի վրա, քանի դեռ Մոսկվան լիարժեքորեն չի կատարել Մինսկի համաձայնագրի իր պարտավորությունները։
Բայդենը, հայտնելով Արևմուտքի և ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի ազատատենչ ժողովրդին, ասել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի կանգնել Ուկրաինայի կողքին՝ ռուսական ագրեսիայի դեմ։
Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի իր աջակցությունը՝ օգնելու և վարժեցնելու Ուկրաինայի անվտանգության ուժերին։