Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը պնդում է՝ «այո»-ի կողմնակիցները վերահաշվարկը շրջանցելու հատուկ սցենար ունեն


Դեկտեմբերի 6-ին իշխող Հանրապետականների հետ ավելի քան 63 տոկոս «այո»-ի ձայներ հավաքած քաղաքական ուժերը մի շարք ընտրատարածքներում ընդդիմադիր կուսակցություններից երեք անգամ շատ վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել։ Ընդդիմադիրները պնդում են՝ «այո»-ի կողմնակիցները հատուկ սցենար ունեն․ վերահաշվարկի համար օրենքով տրվում է երեք օր, և հետաքրքիր զուգադիպությամբ, բոլոր ընտրատարածքներում նախ քննվում են հանրապետականների դիմումները։

«Հանրապետականի դիմումները դրա համար են, որ վերահաշվարկ անեն, ժամանակը լրանա, ՀԱԿ-ի դիմումները տեղ չհասնեն, հնարավոր չլինի այդ տեղամասերը բացել, որովհետև ակնհայտ կեղծիքներ կան այն տեղամասերում, որտեղ ՀԱԿ-ը դիմում է ներկայացրել , որ վերահաշվարկ անցկացնեն», - ասում է 2-րդ ընտրատարածքում ՀԱԿ ներկայացուցիչ Նարինե Հովհաննիսյանը։

Նոր Նորքի ընտրատարածքը 8 տեղամասում Հանրապետականից վերահաշվարկի դիմում է ստացել, իսկ Հայ ազգային կոնգրեսից՝ ընդամենը 4։ Վերահաշվարկն այսօր սկսվեց իշխող Հանրապետականի մատնանշած տեղամասերում։ Օրվա երկրորդ կեսին հանձնաժողովն ընդամենը մեկ տեղամասի վերահաշվարկ էր ավարտել։ Հանձնաժողովի նախագահը վստահեցնում է՝ հերթականությունը որոշել են վիճակահանությամբ։

«Վիճակահանության հանձնաժողովը իր աշխատանքն է կազմակերպել և պետք չէ բոլորի շվիի տակ պարել։ Անում ենք այն, ինչ պարտավոր ենք անել», - ասում է 2-րդ ընտրատարածքի հանձնաժողովի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

ՀԱԿ ներկայացուցիչ Նարինե Հովհաննիսյանը, մինչդեռ, ասում է՝ վիճակահանությանը ներկա չի եղել․ սահմանված ժամին եկել է ընտրատարածք, սակայն հերթականության որոշումն արդեն տեսել է պատին փակցված։

«Փաստորեն դա պետք է լիներ վիճակահանությամբ, բայց ես վիճակահանությունից տեղյակ չեմ, ինձ տեղյակ չեն պահել», - ասում է ՀԱԿ ներկայացուցիչը։

Գրեթե նույն պատկերն էր Մալաթիա-Սեբաստիայի 7-րդ ընտրատարածքում։ Պահանջած երեք տեղամասում Հայ ազգային կոնգրեսն արդյունքները կարող է վերստուգել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի վերահաշվարկներից հետո միայն։ Հերթականությունն այստեղ նույնպես որոշվել է վիճակահանությամբ, կրկին՝ առանց ընդդիմադիրների։ Ընտրատարածքում ՀԱԿ ներկայացուցիչը վիճակահանության մասին տեղյակ չի եղել, պնդում է՝ նույն սցենարն էր 2008 թվականի նախագահական ընտրություններում։

«Սերժ Սարգսյանի առաջին ընտրության ժամանակ ԱԼՄ Կարապետյանը՝ Տիգրան Կարապետյանը, իր դիմումները, որ ժամանակից հետո էր հանձնել, ընկավ առաջին հերթ, մեր բողոքները չհաշվեցին, ասին՝ չենք հասցնում Տիգրան Կարապետյանի բողոքները։ Էլի զուգադիպեց, վիճակահանությամբ Հայ ազգային կոնգրեսի հերթը ընկավ վերջում», - պատմում է ՀԱԿ ներկայացուցիչ Սերժիկ Ասլանյանը։

Հանձնաժողովի նախագահը հրաժարվեց տեսախցիկի առաջ խոսել, սակայն վստահեցրեց՝ կհասցնեն վերահաշվարկել բոլոր տեղամասերը։

Մալաթիա-Սեբաստիայի 8-րդ ընտրատարածքում Հայ ազգային կոնգրեսի 4 դիմումների հետ 1 ընտրատեղամասում վերահաշվարկ է պահանջել նաև «Ժառանգությունը»։ «Այո»-ի կողմնակիցները 2 անգամ ավելի շատ դիմում են ներկայացրել։ Այս դեպքում էլ նրանց բողոքները առաջինը կքննվեն։ Վիճակահանությանն ընդդիմադիրները ներկա չեն եղել։

«Վիճակահանության ժամանակ ներկա ենք եղել հանձնաժողովի անդամներով որևէ վստահված անձ չի եկել, չի գրանցվել», - ասում է 8-րդ ընտրատարածքի հանձնաժողովի քարտուղար Վարազդատ Խաչատրյանը, - «Մուտքը բաց է, ազատ է։ Հանձնաժողովը ամեն օր նիստ է անում, բոլորը տեղյակ են, ցանկացած պահի մեր հետ կապի մեջ են։ Բոլորը գիտեն, որ մենք նիստ ենք անում, գալիս են, երբ հարմար են գտնում»։

XS
SM
MD
LG