ՅՈւԿՕՍ ընկերության նախկին ղեկավար, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ Ռուսաստանում դաշնային հետախուզում է հայտարարվել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Նույն աղբյուրների տվյալներով՝ հետագայում Ռուսաստանի քննչական կոմիտեն կարող է նաև միջազգային հետախուզում հայտարարել Խոդորկովսկու նկատմամբ և ձերբակալության միջնորդություն ներկայացնել:
Ռուսաստանցի իրավապահները Խոդորկովսկուն հեռակա կարգով մեղադրանք են առաջադրել Նեֆտեյուգանսկի քաղաքապետ Վլադիմիր Պետուխովի սպանության գործով:
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ համապատասխան դատական ծանուցագիրը դեկտեմբերի 7-ին հանձնվել է գործարարի հորը, քանի որ մեղադրյալը ներկայումս գտնվում է Ռուսաստանի սահմաններից դուրս:
ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավարի մամուլի խոսնակ Կյուլե Պիսպանեն հայտարարել է, թե քննիչներին հայտնի է Խոդորկովսկու հասցեն: «Այն հրապարակված է նաև «Բաց Ռուսաստան» կազմակերպության կայքէջում» ,- ասել է նա՝ հավելելով, որ Խոդորկովսկին մտադիր չէ մասնակցել քննչական գործողություններին և կապ հաստատել Ռուսաստանի քննչական կոմիտեի հետ:
Նեֆտեյուգանսկի քաղաքապետը սպանվել է 1988 թվականի հունիսի 26-ին: Սպանությունը կազմակերպելու մեղադրանքով ցմահ ազատազրկման է դատապարտվել ՅՈւԿՕՍ ընկերության անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսեյ Պիչուգինը, ով, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչում:
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, թե 2013 թվականին նախագահ Վլադիմիր Պուտինը Խոդորկովսկուն ներում է շնորհել, քանի որ այն ժամանակ հանցագործության մեջ նրա ներգրավված լինելու մասին տվյալներ չկային:
«Քննչական մարմինները շարունակում են իրենց աշխատանքը, և այստեղ, տվյալ դեպքում, նոր հանգամանքների ի հայտ գալու մասին պետք է տեղեկացնեն քննչական մարմինները: Չկար այն տեղեկատվությունը, որը առկա է հիմա, ինչն էլ պատճառ դարձավ քննչական մարմինների կողմից ձեռնարկվող քայլերի համար», - ասել է Պեսկովը: