Դեկտեմբերի 6-ի Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային հանձնաժողով կարող էին ներկայացվել դեկտեմբերի 7-ին` ժամը 12-ից մինչև 18-ը: Սահմանված ժամկետում հանրաքվեի 11 ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են թվով 78 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ՝ հիմնականում Երևանում և երկու մարզում։
Հանրաքվեի երեք ընտրատարածքային հանձնաժողովներ ստացել են դիմումներ երեք տեղամասերի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ` թիվ 4/20, թիվ 5/1 և թիվ 8/29, երեքն էլ՝ Երևանում։
Նախնական տվյալներով` 1997 տեղամասային հանձնաժողովների գրանցամատյաններից մոտ 100-ում են առկա քվեարկության ընթացքի մասին գրառումներ:
Դիմումներ ներկայացրել են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները` բացառությամբ «Օրինաց երկիր»-ի: Բոլոր դիմումներին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ընթացք կտրվի, վստահեցնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում:
Վերահաշվարկի վերջնաժամկետն է դեկտեմբերի 11-ի ժամը 14-ը: