Առաջին անգամ վերջին 16 տարիների ընթացքում Վենեսուելայում ընդդիմությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առաջնորդած սոցիալիստները 167-տեղանոց խորհրդարանում ունեին 99 տեղ։ Հիմա օրենսդիր մարմնում առնվազն 99 տեղ կունենա Դեմոկրատական միասնության դաշինքը, իսկ սոցիալիստները կստանան ընդամենը 46 տեղ։
Մայրաքաղաք Կարակասում ընդդիմության հաղթանակի մասին լուրը դիմավորել են տոնախմբությամբ և հրավառություններով։
Նոր խորհրդարանը կսկսի աշխատանքը 2016 թվականի հունվարից։
Դեմոկրատական միասնության դաշինքը հուսով է, որ կկարողանա Ազգային ժողովում անցկացնել քաղաքական բանտարկյալնեերին ազատ արձակելու որոշում և բողոքարկել բարձրաստիճան դատավորների նշանակումները։
Այնուամենայնիվ, ինչպես Reuters գործակալությունն է նշում, դաշինքը տնտեսական բարեփոխումներ նախաձեռնել դեռ չի կարող։
Ընդդիմության հաղթանակը Վենեսուելայում ունի նաև բարոյական մեծ նշանակություն, քանի որ էապես խարխլում է անպարտելի ուժի համբավ ունեցող այսպես կոչված «չավիստականների» դիրքերը։
Նախագահ Նիկոլաս Մադուրոն փոխարինել է 2013 թվականին քաղցկեղից վախճանված Ուգո Չավեսին, ով մշտապես հանդես է եկել խիստ հակաարևմտյան ու նախևառաջ հակաամերիկյան դիրքերից։
Մադուրոն արդեն ընդունել է իր կուսակցության պարտությունը։
«Ես ճանաչում եմ մեզ համար բացասական այս արդյունքը։ Իմ ուղերձն է Վենեսուելային` Սահմանադրությունը և դեմոկրատիան հաղթել են, մենք ընդունում ենք արդյունքը, որը հրապարակել է ընտրական հանձնաժողովը»,- մայրաքաղաք Կարակասում նախօրեին ասել է նախագահը։
Ոգևորված աջակիցներին է դիմել նաև հաղթանակած ընդդիմության առաջնորդ Խեսուո Տորեալբան։
«Երկիրը փոփոխություն է ուզում, և այդ փոփոխությունն այսօր է սկսվում։ Օրակարգում գերիշխողը խաղաղության հարցն է։ Քաղաքացիների օրակարգը, որը դեմոկրատական քվեարկությամբ պարտադրվում է ոչ դեմոկրատական կառավարությանը»,- ասել է Տորեալբան։