Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը հայտարարեց ԱԺ նստաշրջանի հետագա աշխատանքը բոյկոտելու մասին


ՀԱԿ խմբակցության պատգամավորները Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ
ՀԱԿ խմբակցության պատգամավորները Ազգային ժողովի նիստի ժամանակ, արխիվ

Խմբակցության երեք պատգամավոր չմիացավ բոյկոտին:

Ազգային ժողովի Հայ Ազգայն կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավարն այսօր հայտարարեց՝ ի պատասխան կեղծված սահմանադրական հանրաքվեի՝ բոյկոտում են Ազգային ժողովի աշխատանքները:

«Ստեղծված վիճակում մենք չենք կարող ձեզ հետ միասին նստել նույն դահլիճում և սովորականի պես գործ անել: Բոյկոտի պատճառը հայ ժողովրդի կամարտահայտության ամոթալի ոտնահարումն է, որ տեղի ունեցավ երեկ, երբ ընտրակեղծարարության և օրինախախտումների ամբողջ զինանոցի կիրառմամբ կեղծվեց սահմանադրական հանրաքվեն», - Ազգային ժողովի նիստի մեկնարկին հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

«Տեղի են ունեցել զանգվածային լցոնումներ, բռնություններ, ահաբեկումներ, ընտրակաշառքի բաժանում․․․»,- շարունակում էր Զուրաբյանը, երբ խորհրդարանի նախագահությունը ընդհատեց նրա խոսքը: «Մենք հակառակ տեսակին ենք, ես խնդրում եմ անջատել խոսափողը», - ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

Այս հայտարարությունից հետ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը և Գագիկ Ջհանգիրյանը լքեցին նիստերի դահլիճը: ՀԱԿ-ի մյուս պատգամավորները՝ Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգսյանն ու Հրանտ Բագրատյանը մինչդեռ մնացին իրենց տեղերում, ինչին խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց.- «Տեսա՞ք քանի հոգի է իրանց խմբակցությունը, մի հատ նայեք՝ քանի հոգի բոյկոտեցին»։

Լևոն Զուրաբյանն այսօր միակը չէր, ում խոսափողը անջատեցին: Կեղծված հանրաքվեի մասին հայտարարություն անելու ընթացքում անջատվեց նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսափողը: «Երեկ մենք բոլորս ականատեսը եղանք՝ ինչպես հայ ժողովուրդը գնաց և քվեարկեց «ոչ» Սերժ Սարգսյանին, և ես դրա համար շնորհակալություն եմ հայտնում, որ նույնիսկ այն պարագայում, երբ համատարած․․․»:

Խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ընդհատեց ընդդիմադիր պատգամավորին՝ խնդրելով «խոսել բացառապես օրակարգի վերաբերյալ», ինչին Փոստանջյանը հակադարձեց՝ «դուք էստեղ ցենզոր չեք, դուք չգիտեք՝ ես ինչ եմ ասելու, հետևաբար՝ դուք իրավունք չունեք ընդհատել և անջատել խոսափողը», ապա Շարմազանովը պահանջեց անջատել խոսափողը:

Ազգային ժողովի նստաշրջանը բոյկոտելու մասին հայտարարելուց և նիստերի դահլիճը լքելուց հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն արդեն խմբակցության սենյակում հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե իրականում հանրաքվեին մասնակցել է ընտրողների 40 տոկոսը, մինչդեռ պաշտոնական տվյալներով՝ հանրաքվեին մասնակցել է ընտրողների ավելի քան 50 տոկոսը:

ՀԱԿ խմբակցության ղեկավարի պնդմամբ՝ կես միլիոն ձայն ուղղակի կեղծվել է: Պատասխանելով «Ազատության» հարցին, թե իր կարծիքով ո՞րն էր գերակշռող ընտրախախտումը, ՀԱԿ խմբակցության ղեկավարն ասաց.- «Կա ընտրակեղծիքների երեք կատեգորիա մեծ հաշվով։ Մեկը ընտրակաշառքի բաժանումն է, երկրորդը՝ ուրիշների փոխարեն բազմակի քվեարկության ինստիտուտն է, երրորդը՝ ուղղակի վերջնական արդյունքի կեղծումն է կամ լցոնման, կամ արձանագրությունների կեղծման միջոցով»։

Անդրադառնալով ԿԸՀ-ից հնչող՝ խախտումների վերաբերյալ գրավոր փաստեր ներկայացնելու հորդորին, Զուրաբյանն ասաց.- «Նախ և առաջ փաստերը ծով են, մենք ներկայացնելու ենք փաստերը, ինչ վերաբերում է կես միլիոն ձայների կեղծմանը, բնականաբար, շատ դժվար է, և ոչ ոք չի կարող ձեզ ճշգրիտ տվյալ տալ, թե իրականում ինչքան ձայն է կեղծվել։ Խոսքը մոտավոր գնահատականի մասին է»։ Զուրաբյանը նաև վստահեցրեց, որ դիմելու են ԿԸՀ քվեաթերթիկների վերահաշվարկի համար։

«Ես դժվարանում եմ ասել, թե [վերահաշվարկը ինչ-որ պատկեր կփոխի], որովհետև բավականաչափ դեպքեր են եղել, երբ նրանք, գուշակելով, թե որտեղ ենք վերահաշվարկը պահանջելու, հենց էդ տուփերի վրա աշխատել են, դասավորել են, բերել են համապատասխան բալանսի, և վերահաշվարկը արդյունք չի տվել։ Բայց սա շախմատային խաղ է, մենք անում ենք մեր քայլերը, իրենք անում են իրենցը։ Պիտի կարողանանք գտնել այն քվեատուփերը, որ իրենք ժամանակ չեն ունեցել վերադասավորել»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։

Կեղծված հանրաքվեի թեման սուր բանավեճի առարկա դարձավ նաև «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի միջև։ Մասնավորապես, Փոստանջյանը հայտարարեց, թե ինքը երեկ տոնել է իր ազատությունը՝ այրելով մի քանի պաշտոնատար անձանց խրտվիլակները։

«Այրեցի Սերժ Սարգսյանի, Գագիկ Հարությունյանի և Տիգրան Մուկուչյանի խրտվիլակները...»,- ասաց Փոստանջյանը, ինչին Սահակյանը արձագանքեց.- «Է, խրտվիլակները պիտի էդպես զբաղվեն, անհարմար է, վերջացրե՛ք, անջատե՛ք, էլ չի կարելի»։

«Արդեն Չեբուռաշկայի կարգավիճակով եք, ես խնդրում եմ դադարեցրեք։ Ամբիոնը պղծելու տեղ չէ, Դուք եկել եք, պղծում եք Ձեր խոսքով, էստեղ անհնազանդություն չկա։ Կանոնակարգի 45-րդ հոդվածը կկիրառեմ և Ձեզ ընդհանրապես կզրկեմ նիստերից»,- զգուշացրեց Գալուստ Սահակյանը։

Սակայն այս ամեն ինչով բանավեճը չավարտվեց։ Սահակյանին միացավ կրթության նախարար Արմեն Աշոտյանը՝ նախատելով Փոստանջյանին.- «Գրեթե մոտեցել եք տխրահռչակ, համաշխարհային համբավ ունեցող սկանդալային այնպիսի ձեռնարկումներին, ինչպիսին է FEMEN խումբը, որը հայտնի է իր ակցիաներով, երբ տարբեր մասսայական միջավայրերում տարբեր բաներ է բացում։ Ինտելեկտ ունեք, երեխեք ունեք, գնացիք Ձեր տան դիմացը թե եսիմ որտեղ այրեցիք ինչ-որ բաներ։ Դուք պատկերացնում եք, որ նույն հանրապետականները որոշեն նմանատիպ ակցիա անեն, մտնեն կանացի հագուստի սրահ, մի հատ մանեկեն դնեն, զարդարեն Ձեր տեսքով, Ձեր շորերի նման ու հետո ինչ-որ բան նկարեն էդ մանեկենի հետ ու դնեն։ Բա ամո՞թ չէ, բա սա՞ է մեր մակարդակը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG