Մատչելիության հղումներ

ՀՀԿ պատգամավոր. Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը ո՛չ արձագանքելու առիթը կա, ո՛չ՝ իմաստ


Ժողովուրդն է քվեարկություն կատարել, ժողովուրդը կասի «այո», թե՝ «ոչ», ասաց Հովհաննես Սահակյանը:

Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը ո՛չ արձագանքելու առիթը կա, ո՛չ՝ իմաստ: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Երբ որ մի բանի մասին անընդհատ խոսում են առանց փաստարկների, դա թերևս դառնում է, այսպես ասած, նույն տեքստն անընդհատ կրկնելու մի երևույթ, որ նոր ասելիք չունեն», - ասաց Սահակյանը:

Հիշեցնենք, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, խոսելով հանրաքվեի արդյունքներից, «Ազատության»-ն ասաց, որ «Բաղրամյան 26-ից [նախագահական նստավայրից] ինչ ասեն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը դա էլ կհայտարարի»:

Սահակյանի խոսքով, ժողովուրդն է քվեարկություն կատարել, հանրաքվեին մասնակցել, ժողովուրդը կասի «այո», թե՝ «ոչ»: «Իրենք էլ դեռևս չգիտեն արդյունքները, և Ժիրայր Սեֆիլյանի հենց խոսքից դա երևաց, նույնիսկ լրագրողի հարցին՝ «եթե ոչ լինի, ի՞նչ եք անելու», շփոթվեց: Կարծես թե, պատկերը պարզ է, որ ծրագիր չկա հաջորդականության, ընդամենը բողոքում են, ասում են և այլն», - ասաց Սահակյանը:

Նա նշեց, որ իրենք կսպասեն ԿԸՀ-ի վերջնական արդյունքներին և նոր վերլուծություններ կանեն: «Որպես անձամբ Հանրապետական կուսակցության անդամ, որպես «այո»-ի կողմնակից, ամեն ինչ արել ենք, որպեսզի «այո» լինի: Իսկապես այս հանրաքվեով մենք ցույց տվեցինք և ապացուցեցինք, որ, այո՛, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ կարող են լինել մեր երկրում: Բայց մենք պետք է սպասենք վերջնական ամփոփումներին: Եթե մենք մի փոքր անաչառ լինենք, կարող ենք փաստել, որ ընդամենը երեք ժամ է, որ ավարտվել է քվերակությունը, և պետք է ժամանակ տանք պատկան մարմիններին, որ ամփոփեն, և ունենանք ամբողջական պատկեր», - ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Անդրադառնալով Կոմիտասի շուկայի մոտ տեղակայված «Այո»-ի շտաբերից մեկի մոտ ՀՀԿ անդամ ներկայացող մի կնոջ պահվածքին, ով ամեն կերպ փորձում էր խոչընդոտել «Ազատության» լրագրողի աշխատանքը, Սահակյանն ասաց. - «Իսկապես շատ ցավալի դեպք էր, ես ինքս անձամբ ցավում եմ այս միջադեպի համար: Ես ներողություն եմ խնդրում այն լրագրողից, ում նկատմամբ այս բռնությունը տեղի է ունեցել՝ որպես Հայաստանի քաղաքացի, որպես հայ տղամարդ եմ ներողություն խնդրում: Հավաստիացնում եմ, որ այդ կինը կապ չունի ՀՀԿ-ի հետ, նա այն մուրացկանների շարքին է դասվում, ով անընդհատ մոտենում է և փող է խնդրում»:

ՀՀԿ պատգամավորն ընդգծեց, որ իրավապահ մարմիններն այդ գործով արդեն զբաղվում են:

«Ընդամենը ընտրությունների ենք մասնակցել և որևէ ճակատամարտի չենք մասնակցել»

«Սա կենաց-մահու պայքար չէ, ես նորից եմ նշում, մեր ժողովրդին հանդարտության և սթափության նաև կոչ եմ անում», - հայտարարեց Հովհաննես Սահակյանը:

«Այո»-ն թե «ոչ»-ը՝ մեզ համար շատ ավելի կարևոր է, որ մենք իմանանք իրական պատկերը, հասկանանք, թե որն է մեր ժողովրդի մեջ գերակշռողը», - շարունակեց իշխող կուսակցության խմբակցության պատգամավորը:

«Ազատության» հարցին՝ «որ Դուք ասում եք կենաց-մահու պայքար չէ, և նախագահն էլ է ասում դա, դա ի՞նչ է նշանակում, որ եթե «ոչ» էլ լինի, ձեզ համար ողբերգություն չէ՞», Սահակյանը արձագանքեց․ - «Բնականաբար, մենք ուզում ենք ասենք՝ եթե այս փաստաթուղթը մենք պատրաստել ենք և բերել ենք ներկայացրել ձեր դատին, եթե դուք չեք ուզում, որ էս փաստաթուղթը լինի, որևէ խնդիր չկա, ի սեր Աստծո, թող մնա էս փաստաթուղթը»:

«Մենք ունենք Սահմանադրություն, փառք Աստծո, մենք նոր Սահմանադրություն չենք ընդունելու՝ եթե չանցնի, չգիտենք ինչ ենք անելու, մենք ունենք մեր օրենսդրությունը՝ շարժվելու ենք առաջ, գնալու ենք այսօրվա էս իրավիճակով, և բնականաբար՝ իր բոլոր հետևանքներով՝ լավ թե վատ: Եթե կունենանք այս նոր նախագիծը, նոր Սահմանադրությունը, արդեն իսկ հանրաքվեով վավերացված և ընդունված մեր ժողովրդի կողմից, կունենանք լրիվ այլ իրականություն և այլ պատկեր: Այս է ամբողջ իրականությունը, որ գոյություն ունի», - հայտարարեց հանրապետական պատգամավորը:

«Բայց այսօր իմ տպավորությունը հետևյալն է՝ որ կա մի էսպիսի պատկեր, շղարշ, որի հետևում որևէ բովանդակություն չկա: Մենք ընդամենը ընտրությունների ենք մասնակցել և որևէ ճակատամարտի չենք մասնակցել՝ սա իմիջիայլոց: Երկրորդը՝ կարծես թե հակասություն կա էս ընդդիմադիր՝ «Ոչ»-ի ճակատը ներկայացնող լիդերների կամ գոնե հրապարակային խոսք ասողների մեջ, որովհետև մի մասը ասում է՝ պետք է չեղյալ համարենք ընտրությունները, մի մասն ասում է՝ «Ոչ»-ը հաղթել է», - ասաց Սահակյանը՝ շարունակելով․ - «Չեմ հասկանում՝ եթե կեղծիքներով «ոչ»-ը հաղթել է, չեղյալ պետք է համարենք, պարոն [ՀԱԿ խմբակցության ղեկավար, «Ոչ»-ի շտաբի պետ Լևոն] Զուրաբյանը արձանագրում է, որ «ոչ»-ը հաղթել է և պետք է էդ «ոչ»-ին տեր կանգնենք»՝ մի փոքր անհասկանալի է»:

«Բայց մեզ համար՝ որպես պետություն, հիմք է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գոնե նախնական արդյունքները», - հայտարարեց հանրապետական պատգամավորը:

XS
SM
MD
LG